Քարոզչության ընթացքում Քոչարյանի բացակայությունը դատական նիստերին անհարգելի է. դատախազ

Արխիվ

Երկրորդ նախագահ Քոչարյանի և նրա պաշտպանների բացակայության պատճառով այսօր հետաձգվեց կաշառքի գործով հերթական դատական նիստը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն ընթերցեց երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանի նամակն այն մասին, որ դատական նիստին չեն կարող ներկայանալ նախընտրական քարոզչությանը մասնակցելու պատճառաբանությամբ։

Նիստին ներկա էին միայն 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանն ու նրա պաշտպանը։ Դատախազներն անհարգելի որակեցին ոչ միայն Քոչարյանի, այլև նրա բոլոր փաստաբանների բացակայությունը։

Դատավորը նշեց, որ հաջորդ դատական նիստին կանդրադառնան այս հարցին՝ արդյոք հարգելի են բացակայությունները, թե՝ ոչ։ Հաջորդ դատական նիստը հունիսի 29-ին է։

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել երկրորդ նախագահ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, և մեղադրյալները արդարացվել էին։ Այս գործով Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։