Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի կեսերին Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացրել է «Առնո Բաբաջանյանի երգերի» առցանց միջազգային մրցույթ-փառատոն, որի գալա համերգը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի անունը կրող համերգասրահում այսօր երեկոյան:
Պատանի և երիտասարդ կատարողների երեք տարիքային խմբերում առցանց իրականացված այս մրցույթ-փառատոնն ունեցել է 69 մասնակից Լիտվայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից, և ահա այս երեկո կայանալիք գալա համերգի ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, կհանձնվեն պարգևներ և մրցանակներ:
Ինչպես նշում է Առնո Բաբաջանյանի երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Հարությունյանը, էստրադային երգի այս մրցույթը մեծ ոգևորություն էր առաջացրել պատանի և երիտասարդ կատարողների շրջանում, իսկ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին. «Հայաստանի Հանրապետության ամենահեղինակավոր երաժիշտները, ժողովրդական արտիստներ Երվանդ Երզնկյան, Ռաիսա Մկրտչյան, Մարտին Վարդազարյան` վստակավոր արտիստ, Արմեն Հյուսնունց` վաստակավոր արտիստ, Էմմա Պետրոսյան` մշակույթի վաստակավոր գործիչ, Նաիրա Գյուրջինյան: Մրցույթի ամփոփումից հետո լավագույն կատարողները արդեն հնարավորություն ստացան Ռադիոյի և հեռուստատեսության էստրադայի նվագախմբի հետ Ռադիոտանը կայացած համերգին ելույթ ունենալ, իսկ այսօր` հունիսի 11-ին, լինելու է մրցույթի օֆիցիալ փակումը և գալա համերգը: Մուտքն ազատ է լինելու:
Կոմպոզիտորի մեծությունը կայանում է նրանում, որ նրա երգերը ժամանակից դուրս են գտնվում, և համամարդկային բնույթ են կրում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, այսինքն` ժամանակը չի ազդում նրա երաժշտության հնացման կամ նորացման վրա, որովհետև այդ երգերը միշտ արդիական են, և ցանկացած պրոֆեսիոնալ երգիչ, երգչուհի մեծ խանդավառությամբ կատարում է այդ երգերը այս բոլոր տարիների ընթացքում»:
Հավելենք, որ ինչպես շեշտում էր Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը, քոլեջի նախաձեռնությամբ երկու տարին մեկ կայանում է նաև պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ, որն այս տարի աշնանը տեղի կունենա արդեն 6-րդ անգամ: Հույս ունեն, որ գուցե համավարակը փոքր-ինչ նահանջած կլինի այդ ժամանակ, և դաշնակահարների մրցույթը կկարողանան անցկացնել ոչ առցանց. «Այդ մրցույթը միշտ անցկացվել է Երևանի լավագույն դահլիճներում: Շատ երկրներից մասնակիցներ ենք ունեցել միշտ, միջազգային ժյուրի է ժամանում, ավանդական է դարձել արդեն Հայաստանի Հանրապետությունում այդ մրցույթը: Հիմա դեռ շուտ է հայտերի համար, հիմա արդեն տարածվում է մրցույթը, արդեն առցանց դրված է մրցույթի ամբողջ ծրագիրը, և մրցույթից մոտ մեկ ամիս շուտ այդ մարդիկ հայտերը ներկայացնում են»: