Ձերբակալվել է «Պատիվ ունեմ»-ի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրարշավը, հունիս, 2021թ.

Կեսգիշերին մոտ ձերբակալվել է Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, տեղեկացնում են թեկնածուի պաշտպանները:

«Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը», - պնդում են փաստաբաններ Գայանե Պապոյանը և Արսեն Սարդարյանը:

Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպանների բողոքը ներկայացվել է դատարան:

Թե կոնկրետ ինչի համար է մեղադրվում կամ կասկածվում Ռուբեն Խլղաթյանը, փաստաբանները չեն հայտնում:

Իրավապահ մարմինները տեղի ունեցած վերաբերյալ առայժմ որևէ բան չեն հաղորդում: