Այսօր Հռոմում տեղական ժամանակով երեկոյան 9-ին (Երևանի ժամանակով երեկոյան 11-ին) Օլիմպիական մարզադաշտում կհանդիպեն Իտալիայի և Թուրքիայի ազգային հավաքականները: Այդ հանդիպումով կմեկնարկի Եվրոպայի ֆուտբոլի 2020 թվականի առաջնութունը: Դրա տարեթիվը պահպանվել է առաջնության խորհրդանշանի, բոլոր պաստառների և հուշանվերների վրա՝ 2020, բայց հիմա 2021-ն է:
Ինչպես և մեծ թվով այլ խոշոր միջազգային մարզական մրցաշարեր, Տոկիոյի ամառային Օլիմպիադան և աշխարհի կամ տարբեր մայրցամաքների առաջնություններ, Եվրո-2020-ն էլ հետաձգվել է աշխարհը պատուհասած կորոնավիրուսի կապակցությամբ: Մինչ այդ առաջնություններ երբևէ չեն հետաձգվել:
Ի դեպ, համավարակն այսօր էլ է հետապնդում մարզիկներին և երկրպագուներին: Երկու օր առաջ հաղորդվեց, որ ախտահարվել են Իսպանիայի և Շվեդիայի մարզիկներից մի քանիսը: Հիմա նրանք ինքնամեկուսացվել են, բայց ենթադրվում է, որ կմասնակցեն խաղերին:
Կորոնավիրուսը ստիպել է ձեռնարկել անվտանգության ապահովման խիստ միջոցներ, Եվրոպայում էապես սահմանափակված է երթևեկությունը, երկրպագուները կարող են երկրից երկիր մեկնել միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքով կամ ամբողջական պատվաստման վկայականով:
Եվրոպայի գերարդիական, գեղեցիկ և հարմարավետ մարզադաշտերը երկրպագուներին առաջարկում են տասնյակ հազարավոր տեղեր, սակայն կորոնավիրուսի տարածում թույլ չտալու համար ՈւԵՖԱ-ն կարգադրել է վաճառքի հանել տվյալ մարզադաշտի տեղերի 25-ից 50 տոկոսը:
Առաջնությունում ընդգրկված է 24 ազգային հավաքական, կազմվել է 6 խումբ, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ:
A խմբում են Իտալիան, Թուրքիան, Շվեյցարիան և Ուելսը: B խմբում են Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան և Ռուսաստանը: C խմբում են Ավստրիան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան և Ուկրաինան: D խմբում են Խորվաթիան, Չեխիան, Անգլիան և Շոտլանդիան: E խմբում են Լեհաստանը, Սլովակիան, Իսպանիան և Շվեդիան: F խմբում են Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան և Պորտուգալիան:
Եվրո-2020-ի հանդիպումները տեղի կունենան ՈւԵՖԱ-ի անդամ հանդիսացող 10 պետությունների 11 քաղաքների 11 մարզադաշտերում:
Խաղերը հյուրընկալում են Լոնդոնը (Մեծ Բրիտանիա), Հռոմը (Իտալիա), Մյունխենը (Գերմանիա), Բաքուն (Ադրբեջան), Սանկտ Պետերբուրգը (Ռուսաստան), Բուդապեշտը (Հունգարիա), Սևիլյան (Իսպանիա), Բուխարեստը (Ռումինիա), Ամստերդամը (Նիդերլանդներ), Գլազգոն (Շոտլանդիա), Կոպենհագենը (Դանիա):
Այդ որոշումն ընոդունվել է դեռ 2012 թվականին՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջին առաջնության 60-ամյակի կապակցությամբ, և պետք է խորհրդանշի մարզաձևի միավորող նշանակությունը: Հաջորդ՝ 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա սովորական ձևաչափով:
2020-ի առաջնությունը տարբերվում է նախորդներից նաև մրցավարության առումով՝ առաջին անգամ կօգտագործվի խաղի վիճահարույց պահերին տեսագրությունն օգտագործելու VAR (video assistant referee) համակարգը:
Վեց խմբերից հաջորդ փուլ կանցնեն առաջին երկու տեղերը գրաված թիմերը, և նրանց կմիանան լավագույն արդյունքով երրորդ տեղերը գրավածներից ևս չորս հավաքականներ: Այդպիսով` 16 ընտրանիների համար կմեկնարկի 1/8-ի փուլը, և հետագա պայքարը կընթանա «պարտվողը լքում է մրցաշարը» սկզբունքով:
Մեկ ութերորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունիսի 26-29-ը: Քառորդ եզրափակիչի խաղերը նախատեսված են հուլիսի 2-ին և 3-ին: Հուլիսի 6-ին և 7-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները: Այդ փուլից սկսած բոլոր հանդիպումներն անցկացվելու են միայն Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում:
Կիսաեզրափակիչներում պարտված ընտրանիները երրորդ տեղի համար հանդիպում չեն անցկացնի, նման խաղ վերջին անգամ 1980 թվականին է տեղի ունեցել՝ Չեխոսլովակիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Իտալիայի ընտրանուն: Հուլիսի 11-ին Լոնդոնում տեղի կունենա առաջնության եզրափակիչ հանդիպումը: