Արտաքին քաղաքականության հարցում արևմտամետ դիրքորոշում ունեցող «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը (ԱԺԲ), որի մաս է կազմում «Սասնա ծռեր»-ը, նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը, շարունակեց մարզային այցելությունները։ Այսօր նրանք Շիրակում ու Արմավիրում էին։
Արմավիրում քարոզարշավ էր անցկացնում բևեռի լիդերներից նախկին դիվանագետ Արա Պապյանը, որը, սակայն, նախընտրական ցուցակում չկա. «Ասում եմ՝ վաղը կարող ա էլի դավաճանեն, որ դուք չեք ուզում ռուսական յաթաղանի առաջ հայտնվեք, ոնց որ եղել ա, եկեք նաև այլ դաշնակիցներ որոնենք, գտնենք»:
Պապյանի գնահատմամբ՝ քարոզարշավը շատ լարված է անցնում. «Լարվածության հիմնական պատճառն այն է, որ որոշ մասնակիցներ շատ ագրեսիվ հայտարարություններ են անում և օգտագործում են նաև իրենց իշխանությունը, որը տրված չէ նման բաների համար»:
Հանդիպումների արդյունքում քաղաքացիները շատ բաներ հասկանում են, կարծում է Արա Պապյանը. «Հասկանում են, որ մենք իսկապես նոր լուծումներ ենք տալիս խնդիրներին: Մենք միշտ ասում ենք՝ եթե ուզում եք, որ ինչ-որ մի բան փոխվի, ուրեմն պիտի նորերին ընտրեք, ոչ թե հներին, որովհետև ընտրելով հինը կստանաք հինը»:
ԱԺԲ-ի խորհրդի անդամն ընդգծում է՝ երբ վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ նախկիններ, պետք է հասկանա, որ ինքն էլ է նախկին:
«Երեք տարին քիչ ժամանակ չէ, ստեղ խնդիրը նրա մասին է, որ եթե գաղափարները նախկին են, հին են, օրինակ, եթե ասում են, որ մենք ավելի ինտեգրվենք Ռուսաստանին, մեր խնդիրները կլուծվեն, դա չենք ընդունում, որովհետև դա լուծում չէ, դա ավելի է վատացնելու, մենք առաջարկում ենք ընդհակառակը՝ Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ, մասնավորապես, Միացյալ Նահանգների հետ, որովհետև մենք տեսնում ենք, որ աշխարհում այն երկրները, որոնք Միացյալ Նահանգների հետ են, նրանք են լավ ապրում, նրանք են ապահով», - ասաց նա:
Պապյանի խոսքով՝ պետք է նոր հնարավորություններ որոնել ու գտնել, քանզի Ռուսաստանի շահերն այսօր համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սակայն՝ ոչ Հայաստանի։ Նա վստահ է՝ խորհրդարանում իրենց տեղն ունենալու են. «Մենք խորհրդարանում մեր տեղը կունենանք, և այդ ամբիոնը ևս կօգտագործենք մեր գաղափարները տարածելու համար և հաջորդ ընտրություններին, որոնք էլի կարծում ենք, որ արտահերթ են լինելու և ավելի վաղաժամ, շատ ավելի ներկայանալի կլինենք»:
Ազգային ժողովրդավարական բևեռը արտահերթին մասնակցում է որպես կուսակցություն, խորհրդարան անցնելու համար պետք է 5 տոկոս ձայն հավաքել։ Բևեռին մաս կազմող «Սասնա ծռեր» կուսակցությունը 2018-ի ընտրություններին մոտ երկու տոկոս ձայն էր ստացել։