Հունիսի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կսկսվի Խծաբերդից գերեվարված 14 հայ ռազմագերիների դատավարությունը։
Ադրբեջանի զինվորական դատախազությունը, քննելով 44-օրա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ պահին հայկական վերահսկողության տարածքից գերեվարված պահեստազորայինների գործը, եզրահանգել է, որ նրանք «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը»` գրավելով Հադրութի հարավ-արևմտյան հատվածում անտառային և այլ դիրքեր։
Ադրբեջանը գերեվարված հայ պահեստազորայիններին մեղադրում է բնակչության շրջանում խուճապ տարածելու, սպանություն ու ահաբեկչություն կատարելու համար։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ Ադրբեջանի այս գործողությունները որևէ աղերս չունեն արդարադատության հետ։
«Որևէ հայ զինծառայողի համար կանխատեսելի չի եղել, որ նրանք սահման են հատել և դրանք ադրբեջանական են, և միջազգայնորեն էլ այդ հատվածները ճանաչված չեն եղել որպես անբաժանելի, հակառակը՝ դրանք ընդունված են եղել որպես վիճելիություն ունեցող, որի կապակցությամբ միջազգային մանդատ ունեցող կառույցներ են գործել, որպեսզի այդ հակամարտությանը հանգուցալուծում տան։ Այսինքն՝ նույնիսկ իրավական որոշակիության տեսանկյունից անհիմն եմ համարում ապօրինի սահման հատելու թեզը», - ասաց Սահակյանը։
Եռակողմ հայտարարությունից հետո՝ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք. հրաժարվում են հեռանալ, ավելին՝ արդեն գերեվարել են 6 զինվորականի, ևս մեկ զինվորական էլ սպանվել է։
Երեկ գերեվարված 25-ամյա շարքային Արթուր Քաթանյանի հարցով արդեն դիմում է ուղարկվել Եվրադատարան։ Երեկ ավելի ուշ Բաքուն հայտարարեց, որ վերադարձրել է մոլորված հայ զինծառայողին` Արթուր Քաթանյանին:
Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի վարքագծին, հիշեցնում է անցաշ շաբաթ սկսված մեկ այլ դատավարություն՝ երկու հայ զինծառայողների՝ պատերազմի ընթացքում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի մեղադրանքը շարադրելիս պաշտոնական Բաքուն ավելի հեռու է գնացել՝ նրանց մեղադրում է արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների՝ գերեվարված անձանց խոշտանգելու համար։
«Արդար դատաքննության տեսանկյունից կարևորություն ունի պաշտպանության իրավունքի իրացումը և հարկադրանքից զերծ լինելը։ Մեր բոլոր ռազմագերիները զրկված են իրենց կողմից ընտրված պաշտպանի միջոցով սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, նրանց կցված են հանրային պաշտպաններ, որոնք առաջ են քաշում նույն՝ ադրբեջանական թեզերը և ի զորու չեն պաշտպանության իրավունք տրամադրել մեր ռազմագերիներին։ Բոլորը գտնվում են կյանքի սպառնալիքի ներքո և նրանցից կորզված տեղեկությունները, ցուցմունքները որևէ արժեք չունեն, դրանք իրավական համակարգում զրոյացված են, բայց մենք տեսնում ենք, որ այս դատավարությունների հիմքում դրվում են թե՛ ինքնախոստովանական ցուցմունքներ, թե՛ այլ ռազմագերիներից վերցված ցուցմունքները», - ասաց Սահակյանը։
Հայկական կողմը վկայակոչում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պարտավորվում են վերադարձնել բոլոր գերիներին և մյուս պահվող անձանց։
Անցած ամիսներին Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։
Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել վերադարձնել բոլոր գերիներին և ձերբակալված անձանց, մինչդեռ Բաքուն հայտարարում է, թե իր տարածքում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը հանցագործներ են։
Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է ավելի քան 200 գերի։ Պաշտոնական Բաքուն, սակայն, միայն 72-ի մասին էր հաստատում ներկայացրել, որ այո՛, նրանք պահվում են ադրբեջանական բանտերում: