Ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 51 հաղորդում, 9-ի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 51 ահազանգ-հաղորդում, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Համաձայն հաղորդագրության՝ հաղորդումներից 9-ով հանձնարարվել է նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում:

Ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 42 հաղորդում ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Դրանցից 16-ով նշված տեղեկությունները չեն հաստատվել, ինչով պայմանավորված՝ դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 26 հաղորդման առնչությամբ ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են:

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ ստացված ևս 16 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ դիմումն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ստուգման կամ նյութերի նախապատրաստման նպատակով ոստիկանություն ուղարկված իրավախախտումների դեպքերից 44-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն, իսկ 2-ը՝ այլ բնույթի են: