«Զրո քվե այն ուժերին, որոնցից որևէ մեկի հաղթանակը խորացնելու է քաղաքական ճգնաժամը». Միքայել Նահապետյան

«Զի քո է» կարգախոսով արտահերթին մասնակցող «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը քարոզարշավը մի քանի խմբերով է իրականացնում և՛ Երևանում, և՛ մարզերում։ Անցնում են բակերով, թռուցիկներ բաժանում, դռնեդուռ գնում։

«Մեր հիմնական ասելիքը՝ զրո քվե ճգնաժամին, զրո քվե այն ուժերին, որոնցից որևէ մեկի հաղթանակը Հայաստանում խորացնելու է քաղաքական ճգնաժամը, և քաղաքացիները պետք է կենտրոնանան նոր որակի պետություն կառուցելու», - ասաց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

Նահապետյանի խոսքով՝ երեկ, օրինակ, Երևանում շուրջ 6000 քաղաքացու դուռ են թակել, ներկայացրել իրենց ծրագրերը. «Մենք ամեն օր ավելի շատ մարդկանց դուռ ենք թակելու, մենք մեր խոսքը հասցնելու ենք այդ մարդկանց, ցույց ենք տալու, որ կա իրական հնարավորություն, կա այլընտրանք, կա նոր տեսակետ»:

Տարեց քաղաքացու առաջին հարցը ՔՈ կուսակցության անդամներին՝ ծրագիր ունե՞ք։ Հետևում է նախընտրական քարոզարշավին, սակայն ծրագրերի մասին խոսելու փոխարեն, ասում է, քաղաքական ուժերը զբաղված են միմյանց սևացնելու գործով. «Փոխանակ ներկայացնեն ծրագիր, ինչ-որ ես եմ հիմա ուզում, դրա պահանջն եմ զգում, ծրագիր տեսնեմ, որ կուրորեն չգնամ ընտրությունների, որովհետև ես մարդ եմ, ես բարձր եմ գնահատում իմ մեկ քվեն, իմ արժանապատվությանը ցածր եմ համարում, որ ես խաբնվեմ, բայց խաղում են ժողովրդի զգացմունքների հետ: Փոխանակ ծրագիր ներկայացնեն խնդիրների լուծման, որովհետև այսօր մեր առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, ուղղված են իրար ավելի սևացնելու, իրար վրա լուտանք թափելու, իրար հայհոյելու նույնիսկ, թույլատրելի շեմից իջնում են ներքև»:

Ինչո՞ւ պետք է քաղաքացին քվեն հենց այս երիտասարդ կուսակցությանը վստահի, Նախապետյանն ընդգծում է. «Մեր ցուցակը գլխավորող մարդիկ միջին տարիքի, կենսունակ ուժեր են, որոնք կուտակել են փորձ, որոնք ունեն վճռականություն իրավիճակը փոխելու, որոնք հաշտ չեն երկրում առկա իրավիճակի հետ, որովհետև այդ մարդիկ ներկայացնում են հստակ ծրագրեր երկրի վերակառուցման ուղղությամբ: Այն է՝ ներքին թշնամանքի հաղթահարում, անվտանգության համակարգի ռեֆորմներ, կրթական համակարգի և գիտակրթական համակարգի ռեֆորմներ, առողջապահության համակարգի ռեֆորմներ»: