«Մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատյայով». ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում

«Մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատյայով», - այսօր՝ հունիսի 20 -ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» Արմավիրի մարզում նման ուղերձով դիմեց իր աջակիցներին, փոխարենը խոստացավ բանտեր ուղարկել ընտրապայքարում իր մրցակիցներին:

«Ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո, էսպես ասած, իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու: Առնվազն 60 տոկոսով քվե ենք ակնկալում, որպեսզի մենք ձեր տված ուժեղ և պողպատե մանդատով արմատախիլ անենք Հայաստանի քաղաքական դաշտից այն ուժերին, ովքեր ուզում են քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն իր թիմակիցների հետ այսօր ամբողջ օրը շրջեց Արմավիրի գյուղերով ու քաղաքներով։ Ոչինչ չասաց արդեն գրեթե մեկ ամիս Հայաստանի սահմաններ ներխուժած և հաստատված Ադրբեջանական զինված ուժերի և այդ հարցի վերաբերյալ ըստ էության փակուղի մտած բանակցությունների մասին։ Փոխարենը ելույթի մեծ հատվածներ դարձյալ նվիրեց նախկիններին, ինչպես նաև սուր լեքսիկոնով քաղաքական մրցակիցների հայտարարություններին։ Նախ խոսեց բանավեճի իր հրավերին ի պատասխան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին:

«Մեծ հաճույքով, ասում է, դուելի կհրավիրենք զենքի ցանկացած տեսակով, ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է անձամբ ձենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում: Նրանց ամբողջ իշխանավարումը եղել է ոչ այլ ինչ, քան սեփական ժողովրդին դուելի հրավիրելը և գնդակահարելը: Նրանք 2008 թվականի մարտի 1-ին են դուելի հրավիրել ու գնդակահարել, ընդ որում՝ առանց հրավերի», - հայտարարեց Փաշինյանը:

Ապա պատասխանեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե եթե ինքը լիներ գերագույն գլխավոր հրամանատար ու երկրում այսպիսի իրավիճակ լիներ, ապա ինքն իրեն կգնդակահարեր։ Սարգսյանին Փաշինյանը հիշեցրեց 1999 թվականի հոկտեմբերի 27 -ը:

«Նախարար էիր, ազգային անվտանգության նախարար, երկրի Ազգային ժողովի նախագահին, վարչապետին գնդակահարեցին, բա դրանից հետո քեզ ինչի՞ չգցեցին պատուհանից, կարո՞ղ է նրա համար, որ քո ղեկավարած կառույցն առնվազն լավ էլ տեղյակ էր, որ նման բան է տեղի ունենում և որևէ քայլ չէր ձեռնարկում երկրի անվտանգությունն ապահովելու համար, իսկ դա կարո՞ղ է նրա համար, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանը դեմ էին կանգնել Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագրին: Հենց Վազգեն Սարգսյանն ինքը վկայել է, էսօր, որ ասում էր ինչքանով է հիմնավոր, ես նախորդը օրը մեջբերեցի», - նշել է Փաշինյանը:

Անդրադարձավ բանակի վիճակին և այդ համատեքստում դարձյալ հիշեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ինքնասպանության վերաբերյալ. «Դուք հասկանո՞ւմ եք՝ պատերազմի մեջ գտնվող պետության բանակը եղել է բարեգործությունների առարկա, մեզ ասում են, բա էդ ինչի՞ եք զինվորի սնունդի վրա փող ծախսել, նույն մարդիկ գալիս էին, մտնում էին զորմասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները էդ կոնֆետների հետևից վազում էին, դրանից ինքդ քեզ պիտի գնդակահարեիր»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ 44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700 է, նեղսրտեց որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ են բոլորը շարունակում ասել 5000:

Փաշինյանին քարոզարշավի առաջին օրը ուղեկցում էին թիմակիցները, մեծամասամբ իշխող խմբկացության պատգմավորներ։ Նրա հետ չէին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Փոխարենը վարչապետի պաշտոնակատարին ուղեկցում էր «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի տասնյակում հայտնված գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Հետաքրքրվեցինք իր ու փոխվարչապետի հակասության մասին, ասաց Ավինյանին «չի ճանաչում», փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու մասին էլ «կմտածի». «Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, ես չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, ես ընդհանրապես չգիտեմ ինքը ով է, իր հետ չեմ շփվել»:

Փաշինյանը հարցերի չպատասխանեց, դեռ առաջին կանգառում անպատասխան թողեց հարցը, թե պատրաստվո՞ւմ է արդյոք արձակուրդ վերցնել՝ աշխատանքային ժամին քարոզարշավով չզբաղվելու համար։ Ավելի ուշ կառավարությունը տեղեկացրեց՝ Փաշինյանը հունիսի 7-18-ը կլինի արձակուրդում։ Քարոզարշավի ընթացքում միջադեպեր եղան՝ մի քանի անգամ շարքերից հնչեց «դավաճան» վանկարկումը։ Փաշինյանի աջակիցների ճնշման տակ այդ քաղաքացիները արագ հեռանում էին հավաքի վայրից։