ԲՀԿ-ի քարոզարշավը կանցկացնի «Անվտանգ և հզոր հայրենիք» կարգախոսով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամներ Իվետա Տոնոյանը և Արման Աբովյանը

«Անվտանգ և հզոր հայրենիք» կարգախոսով, 30 կետից կազմված նախընտրական ծրագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։

Այսօրվանից ու հաջորդող բոլոր օրերին կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը, որը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ամեն օր կլինի Հայաստանի մարզերում՝ անձամբ ներկայացնելու կուսակցության ծրագրային դրույթները։

Հայաստանի անվտանգությունը ապահովող բոլոր համակարգերը քայքայված են, ասում է կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ ներկայացնելով ծրագրում տեղ գտած անվտանգային դրույթները, որոնցից բխում է, թե անվտանգ երկրում ապրելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է․ - «Մաքսիմալ ընդլայնել հարաբերություններն ու կնքել ռազմաքաղաքական նոր պայմանագիր»։

Ծրագրի առաջնահերթությունների մեջ է նաև Արցախի միջազգային ճանաչումն ու տարածքային անվտանգության, ամբողջականության վերականգնման խնդիրը․ - «Մենք իհարկե դիտարկում ենք, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է լինի բանակցային և խաղաղ ճանապարհով։ Բայց եթե մենք չունենանք հզոր անվտանգային համակարգ, ապա խաղաղ բանակցային ճանապարհով այդ հարցը՝ կարևորագույն հարցը, մեր բոլորի գոյության հարցը, պարզապես չի լուծվի»։

Սոցիալական ու կրթական բարեփոխումներից մինչև տնտեսության զարգացում։ Ծրագրային դրույթներից թերևս ամենաքննարկվողը մինչև 3 մլն դրամ գյուղատնտեսական ու սպառողական վարկերի մարելու դրույթն է, որը շատ փորձագետներ պոպուլիստական են որակում։ Հայաստանում կա շուրջ 2 մլն 200 հազար վարկառու, որոնց ընդհանուր վարկային պարտավորույթւոնը կազմում է 4 տրիլիոն դրամ։

«Ունենք մեր կողմից արդեն կատարված բոլոր հաշվարկները։ Բավարար ձայներ հավաքելուց հետո եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձևավորի իշխանություն և իրականացնի կառավարության նոր ծրագիր, ապա մենք ձեռնամուխ ենք լինելու անմիջապես Հայաստանի Հանրապետության մի քանի հարյուր հազար քաղաքացիների ուղղակի վարկային բեռի թեթևացմանը», - հայտարարեց ԲՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը։

Բավարար ձայներ հավաքելու, իշխանություն ձևավորելու համար կուսակցությունը ակտիվ քարոզարշավ է իրականացնելու։ Իսկ կուսակցության անունը սևացնել փորձող ուժերին խոստանում են բացահայտել ու պատկան մարմիններին ներկայացնել, ասաց Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլում վերջին օրերին շրջանառվող տեսանյութին, որտեղ, համաձայն տեսանյութը տարածողի՝ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք են առաջարկում։

Տեսանյութում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ներկայացող 2 կին, ձեռքներին ինչ-որ թուղթ, շրջում են տնետուն և հարցեր տալիս բնակիչներին՝ ունե՞ն արդյոք վարկեր, ուսանող, թոշակառու, բնակարանային կամ սոցիալական որևէ խնդիր։

Որ այդ կանայք «Բարգավաճ Հայաստանից» են, Իվետա Տոնոյանը չհերքեց, բայց հերքեց, որ նրանք կաշառք էին առաջարկում․ - «Սա ակնհայտ սադրանք է՝ հետևողական, ուղղորդվող։ Էնտեղ ընտրակաշառք բաժանելու մասին որևէ դրսևորում չկար։ Եվ տրամաբանական է, որ մարդիկ հետաքրքրվում են, թե կոնկրետ ընտանիքը ինչ խնդիրներ ունի, որպեսզի կուսակցության այն ծրագրերը ներկայացնի, որոնք հնարավոր է, որ վերաբերեն կամ առնչվեն իրենց ընտանիքին»։

Տեսանյութը հունիսի 2-ին է հրապարակվել, նախընտրական քարոզարշավի մեկնարկից 5 օր առաջ։ Իվետա Տոնոյանը նկատում է՝ իրենք միակ քաղաքական ուժը չեն, որ նախընտրական քարոզչությունը սկսել են ավելի վաղ, քան նախատեսված էր օրենքով․ - «Շատ կուզենայի, որ նույն ճանասիրությամբ ու ջերմեռանդությամբ թե՛ լրատվամիջոցները, թե տարբեր կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետևողական լինեն, թե, ասենք, աշխատանքային ժամին, հենց այս պահին պաշտոնատար անձինք, կամ կոնկրետ կառավարության ղեկավարը ինչ քարոզչություն է իրականացնում, որը, վստահ եմ, տեղյակ եք, որ օրենքի թույլատրելի սահմաններից դուրս է»։

Գնում են հաղթելու, իշխանություն ձևավորելու, ասում են կուսակցության ներկայացուցիչները։

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը բացառել է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Այսօր էլ ասացին, որ չեն քննարկում նաև այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հարցը։