Մարուքյանն ասում է՝ իրենց հիմնական ուղերձը երկրում ներքաղաքական հաշտություն, համերաշխություն ձևավորելն է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը «Լուսավոր Հայաստանը» երկու թիմով է իրականացնում. մեկը Երևանի բոլոր վաչական շրջաններում, մյուսը՝ մարզերում։ Քարոզարշավի առաջին օրը մի խումբը Սյունիքում է, մյուսը՝ Երևանի կենտրոնում։

«Մեր հիմնական ուղերձը երկրում ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է: Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո պետք է երկրում միասնականությունը վերականգնվի, ավելին, լարվածությունը այն մակարդակի է և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին, իրենք տանելու են քաղաքացիական պատերազմի, բախումների», - նշեց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Իսկ հետընտրական բախումներից խուսափելու համար «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածուն ասում է՝ ակնկալում են ընտրողների քվեն, որպեսզի կողմերին համերաշխություն պարտադրեն։

«Այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ, օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուս կողմին, հետևաբար մյուս կողմն էլ իր ռեսուրսներն է դնելու, կապ չունի որ կողմն է, որովհետև երկուսն էլ ինչ-որ ժողովրդական աջակցություն ունենալու են և ժողովրդին հանելու են իրար դեմ: Մինչդեռ այդ լիդերները պարիսպներով տներում են ապրում, թիկնապահներով են շրջում, իրենց մազը չի ծռվելու, ժողովուրդն է փողոցում իրար հետ կռվելու, ժողովուրդն է իրար մեջ բաժան-բաժան եղած, ժողովրդին են ատելություն սերմանել մեկը մյուսի նկատմամբ այն հիմքով, որ դու այսինչի աջակիցն ես, իսկ դու էս մյուսի աջակիցն ես»,- ընդգծեց Մարուքյանը:

Ազգային համաձայնության կառավարության ձևավորում առաջարկող «Լուսավորը» համերաշխության մասին է խոսում:

«Լուսավոր Հայաստանը» ասում է, որ եթե դուք տաք ձեր քվեն մեզ, ապա մենք կկարողանանք ձևավորել ազգային համերաշխության կառավարություն, որը կներգրավի բոլոր կարող ուժերին, բոլոր այն մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալներ են, ովքեր նվիրյալներ են, ովքեր նվիրյալ չեն մեկ թիմի, մեկ անձի, նրանք նվիրված են մեր պետությանը, նրանց պարզապես պետք է տալ հնարավորություն դրսևորելու իրենց պրոֆեսիոնալիզմը: Հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք թիվ 9 քվեաթերթիկը, համոզված եղեք, որ դա ընտրություն է հանուն համերաշխության, դա ընտրություն է հանուն այլընտրանքի», - հայտարարեց ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը: