Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովը լքել է Ռուսաստանը՝ իր բնակարանում և գրասենյակում անցկացված խուզարկություններից և դրանց հաջորդած կարճատև ձերբակալությունից հետո։
Պետդումայի նախկին պատգամավոր 41-ամյա Գուդկովը սոցցանցերում արված գրառմամբ տեղեկացրել է, որ ստիպված է եղել լքել երկիրը, երբ Կրեմլին մոտ կանգնած մի շարք պաշտոնատար անձանց կողմից տեղեկացվել է մոտալուտ ձերբակալության մասին։
Գուդկովի դեմ քննչական գործողությունները մեկնարկել էին հունիսի սկզբին։ Ռուսաստանի դատախազությունը պնդում է, որ ընդդիմադիր գործիչը վեց տարի առաջ վարձակալած տարածքի դիմաց շուրջ մեկ միլիոն ռուբլու պարտք է կուտակել։ Ինքը Դմիտրի Գուդկովը ներկայացված մեղադրանքը կտրանակապես ժխտում է։
Ռուսաստանյան ընդդիմադիր լրատվամիջոցների պնդմամբ՝ Դմիտրի Գուդկովի դեմ սկիզբ առած հետապնդումների պատճառը նրան աշնանը կայանալիք Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելն է։ Մի շարք աղբյուրների վկայությամբ՝ Կրեմլի պատվերով անցկացված վերջին փակ հարցումները ցույց են տվել, որ Գուդկովը Մոսկվայի մեծամասնական ընտրատարածքներից մեկում հաղթելու իրական շանսեր ունի։
Դմիտրի Գուդկովն այս պահին գտնվում է Կիևում և առայժմ չի հստակեցնում Ռուսաստան հնարավոր վերադարձի ժամկետները։