ԱԱԾ-ը հայտնում է կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին

Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության աննախադեպ դեպք բացահայտելու մասին։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության և դրան զուգահեռ հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի և այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

«Այդ պահից սկսած՝ վերը նշված անձինք, միավորվելով պետական դավաճանություն կատարելու միևնույն նպատակի շուրջ, միմյանց միջև ձևավորել են կայուն կապ, անխախտ, փոխադարձ համաձայնություն, երկարատև և մանրակրկիտ կերպով նախապատրաստել են հանցագործության կատարումը, կատարել դերերի, ակնկալվող եկամուտների բաշխում, պլանավորել հանցագործության քողարկման եղանակները, կապի միջոցները, փոխանցման ենթակա տեղեկատվության ծավալը, նշանակությունը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստանալով համապատասխան հրահանգավորումներ և ցուցումներ:

Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու և կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար:

Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության գործելու վերաբերյալ, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ և կանխավճարների տեսքով գումարներ», - նշված է հաղորդագրությունում։

Այնուհետև, ըստ ԱԱԾ-ի, հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել և տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ և կարևորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել և տեսանկարահանել են նաև պետական և ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ և կարևորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրոկայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը և այդ կերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:

Դրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մինչև հոկտեմբերի վերջը շարունակել է տեղեկությունների հավաքագրումը և թշնամական պետության հատուկ ծառայություններին դրանց փոխանցումը, որոնց ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում։

Կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ