Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանն այսօր ասել է, որ երկրի չափահաս բնակիչների կեսից ավելին արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, և իրավիճակը հետզհետե բարելավվում է:
«Տարեցների ավելի քան 80 տոկոսը և չափահասների ավելի քան 50 տոկոսը պատվաստվել են, ընդհանուր հաշվով Ֆրանսիայում 27 միլիոն 800 հազար բնակիչ առաջին դեղաչափն է ստացել, իսկ 12 միլիոն 200 հազարն ամբողջությամբ է պատվաստվել», - ասել է Օլիվիե Վերանը:
Նախարարը միաժամանակ կշտամբել է որոշ մարդկանց, «ովքեր առաջին ներարկումից հետո կորցնում են զգոնությունը և չեն հետևում համավարակի զսպմանն ուղղված դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններին»:
«Կան դեպքեր, երբ առաջին ներարկումը ստացած մարդկանց մոտ հակամարմիններ դեռ չեն ձևավորվում, իմունիտետ չկա: Ես հիշեցնում եմ բոլոր ֆրանսիացիներին, որ դուք կարող եք ձեզ պաշտպանված համարել միայն երկրորդ ներարկումից մի քանի օր անց, մեկ ներարկումը բավական չէ», - ասել է նախարարը:
Ֆրանսիայում համավարակի ընթացքում արձանագրվել է ավելի քան 5 միլիոն 700 հազար ախտահարում, մահացել է շուրջ 110-ը հազար մարդ, մոտ 14 ,5 հազար ախտահարված այսօրվա դրությամբ գտնվում է հիվանդանոցներում: