Արևմտյան պատժամիջոցների հասցրած վնասը կկազմի Բելառուսի ՀՆԱ-ի 3 տոկոսը

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, արխիվ

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ասել է, թե ըստ մասնագետների կատարած հաշվարկների, Արևմուտքի սահմանած պատժամիջոցների վնասը չի գերազանցի երկրի համախառն արդյունքի 3 տոկոսը:

Գոլովչենկոն ասել է, թե Բելառուսը միանշանակ կհաղթահարի պատժամիջոցներից բխող դժվարությունները:

«Ֆինանսական պատժամիջոցների վնասը կկազմի ՀՆԱ-ի 1 ամբողջ 7 տասնորդական տոկոս, եթե դրան ավելացնել առևտուրն, ապա վնասը կհասնի ՀՆԱ-ի 2 ամբողջ 9 տասնորդական տոկոսի: Ես համոզված եմ, որ մենք ունենք համապատասխան աղբյուրներ այդ բացը լրացնելու համար», - ասել է Բելառուսի վարչապետը:

Արևմտյան երկրները Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանել այն բանից հետո, երբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմը Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ինքնաթիռին մայիսի 23-ին Բելառուսի օդային տարածքում վայրէջք է պարտադրել, ինչից հետո ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆյա Սապեգային: