«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները Լոնդոնում հասել են պատմական համաձայնության, որի կիրառման շնորհիվ համաշխարհային խոշորագույն ընկերությունները կզրկվեն հարկերից խուսափելու հնարավորություններից:
Մոլորակի տնտեսապես առավել զարգացած յոթ պետությունները վճռել են, որ կորպորացիաների նվազագույն եկամտահարկը պետք է կազմի 15 տոկոս:
Եկամուտը պետք է հարկվի ոչ թե ընկերության գրանցման երկրում, այլ այն երկրներում, որտեղ տվյալ ընկերությունը եկամուտ է ստանում իր արտադրության կամ մատուցած ծառայությունների համար:
Անցած տասնամյակներում խոշոր միջազգային մի շարք ընկերություններ, Google-ը, Amazon-ը, Facebook-ը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մնացած հսկաները միլիարդավոր դոլարների հարկերից են խուսափել:
Այսօրվա պայմանավորվածությունները կընդգրկվեն հունիսի 11-ից 13-ը Բրիտանիայում գումարվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի օրակարգում:
7 պետությունների ղեկավարներից բացի, այդ գագաթնաժողովի մասնակիցների թվում կլինեն Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներն, ինպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնդժո-Իվեալան: