Պահապանների խորհուրդը կվերանայի Իրանի նախագահության թեկնածուներից մի քանիսի հայտերը մերժելու որոշումը

Իրանի արդարադատության համակարգի ղեկավար, նախագահության թեկնածու Էբրահիմ Ռայիսին, Թեհրան, 15 մայիսի, 2021թ.

Իրանի Պահապանների խորհուրդը կվերանայի հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում մի շարք անվանի քաղաքական գործիչների թեկնածությունը չվավերացնելու որոշումը:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և Իսլամական հանրապետության փաստացի ղեկավար, այաթոլահ Ալի Խամենեին երեկ քննադատել է Պահապանների խորհրդի աշխատանքը:

«Գրանցման ընթացքում թեկնածուներից մի քանիսի նկատմամբ անարդար որոշումներ են ընդունվել, նրանց անհիմն մեղադրել են, մարդկանց արժանապատվության պաշտպանությունը կարևորագույն խնդիր է: Ես կոչ եմ անում պատկան կառույցին վերականգնել մարդկանց պատիվը», - երեկ հայտարարել է այաթոլահ Խամենեին:

Պահապանների խորհուրդը շուրջ 600 դիմում է քննել և դրանցից միայն 7-ն է վավերացրել: Գործող նախագահ Հասան Ռոհանին քննադատել է այդ դիրքորոշումը և այաթոլահ Խամենեիին դիմել է հատուկ նամակով, որում գրել է, թե «ոչ մրցակցային ընտրությունը մեռած ընտրություն կլինի»:

7 թեկնածուների թվում հաղթանակի առավել մեծ հնարավորություն ունի Իրանի արդարադատության համակարգի ղեկավար Էբրահիմ Ռայիսին, ով, ըստ վերլուծաբանների, ապագայում կարող է փոխարինել Խամենեիին երկրի գերագույն առաջնորդի պաշտոնում: