Հայտնի հայ գիտնական, Կոլորադոյի համալսարանի դասախոս Սիմոն Մաղաքյանը, որի հետազոտություններն Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին հրապարակվել են հեղինակավոր պարբերականներում, հանդեսներում, գաղտնազերծված ամերիկյան հետախուզական արբանյակների լուսանկարների օգնությամբ փաստական ապացույցներ է ներկայացրել Նախիջևանում հայկական եկեղեցիների ոչնչացման մասին: Այս հետազոտությունը հրապարակվել է միջազգային լայն ճանաչում ունեցող արվեստի հեղինակավոր հանդեսներից մեկում` The Art Newspaper-ում: Մաղաքյանի հատուկ հետաքննությունն ու արբանյակներից վերցված նկարները` ներկայացված հանդեսում, պատկերում են եկեղեցիները մինչև ոչնչացումը և ոչնչացումից հետո: Գիտնականի հոդվածում տեղ է հատկացված ադրբեջանցի գրող, հրապարակախոս Աքրամ Այլիսլիին, ով Նախիջևանի հայկական ժառանգության վերացման մասին պատմում է Ադրբեջանում արգելված «Քարե երազներ» գրքում:
«Ազատության» հյուրը Սիմոն Մաղաքյանն է:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
«Ազատություն» - Պարո՛ն Մաղաքյան, Նախիջևանի մշակութային ժառանգության ոչնչացումն ադրբեջանական իշխանությունների կողմից դարձել է Ձեր վերջին շրջանի հետազոտությունների առանցքը: Այդ շարքը Դուք անվանել եք «Մշակութային ցեղասպանություն», Ձեր հոդվածները լույս են տեսել հեղինակավոր հանդեսներում: Այս վերջին հետազոտությունը, որը փաստական հենք է տրամադրում Ադրբեջանի կառավարության կողմից հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու մասին, լույս է տեսել The Art Newspaper հանդեսում: Խնդրում եմ մանրամասն ներկայացրեք` ի՞նչ եք հայտնաբերել այս վերջին հետազոտության արդյունքում: Դուք հոդվածում զետեղել եք նաև ոչնչացված եկեղեցիների արբանյակային լուսանկարներ:
Սիմոն Մաղաքյան - Այս հոդվածը տպագրվեց, ինչպես նշեցիք, The Art Newspaper հանդեսում` և՛ տպագիր տարբերակում, թե՛ առցանց օրինակով, և առցանց տարբերակում նրանք զետեղել են այդ բոլոր արբանյակային լուսանկարները, որոնք իրագործվել էին, որոնք ամերիկյան հետախուզական «մեծ թռչուն» հետախուզական առաքելության շնորհիվ էին ստեղծվել: Եվ 2011 թվականին այդ լուսանկարները և այդ ընդհանրապես հետախուզական առաքելությունը գաղտնազերծվեց Ամերիկայի իշխանությունների կողմից, չնայած դրան մինչև այսօր դրանք հասանելի չեն ընդհանուր մարդկանց, բայց գիտնականները տարբեր միջոցներով կարող են հայթայթել այդ տեղեկությունները, և համագործակցելով այլ գիտնականների և ուսումնասիրողների հետ` ես կարողացա և՛ հայթայթել, և՛ վերլուծել այդ արբանյակային լուսանկարները, որոնք ցույց են տալիս Ագուլիսի ութ գմբեթավոր եկեղեցիները, որոնք հայտնի են հայոց պատմության մեջ: Նրանց շարքում Սուրբ Թովմայի հանրահայտ վանքը, որը ըստ ավանդության հիմնադրվել էր Բարդուղիմեոս առաքյալի կողմից, և սրանք ոչ միայն հայտնի են հայությանը, այլ նաև հանրահայտ են ադրբեջանցի գրող, հրապարակախոս Աքրամ Այլիսլու հայտնի «Քարե երազներ» վիպակի միջոցով:
Եվ ինձ համար շատ կարևոր էր ոչ միայն ևս մեկ անգամ ապացուցել, որ Ադրբեջանի իշխանությունները լիովին բնաջնջել են Նախիջևանի տարածքի ամբողջական հայկական մշակույթը, որոնց շարքում 89 եկեղեցիներ, 5840 խաչքար, 22-ից ավելի տապանաքարեր, այս տեղեկությունները, նրանց գոյության փաստը հայտնի է մեզ լեգենդար Արգամ Այվազյանի լուսանկարչության և ուսումնասիրությունների շնորհիվ: Սա ևս մեկ անգամ ապացույցն էր, որ դրանք ամբողջովին վերացվել են սկսած 1997 թվականից:
«Ազատություն» - Այս ամենի ֆոնին` ապշեցուցիչ է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի պատասխան արձագանքը Ձեր հետաքննությանը. հենց նույն հանդեսում տպագրվել է նաև նրա արձագանքը: Թաիր Տագիզադեն ոչ միայն հերքում է Նախիջևանում հայկական մշակութային կոթողների երբեմնի գոյության փաստը, դրանց ոչնչացման փաստերը, այլև պնդում է, որ Նախիջևանում հայեր երբեք չեն բնակվել:
Սիմոն Մաղաքյան - Սա, իհարկե, միայն դեսպանի հայտարարությունը չէ, այլև Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության` Բաքվի հայտարարությունն է: Ես տեղյակ եմ, որ դեսպանատունը միանգամից չի արձագանքել, խնդրել է որոշ ժամանակ արձագանք տրամադրելու համար, այսինքն` կասկած չունեմ, որ այդ տեքստի իրական հեղինակը ոչ թե Տագիզադեն է, այլ Իլհամ Ալիևը: Ահա և տեսնում ենք նրանց շարունակվող հակահայկականությունը, և դա ցավալի է այն առումով, որ ցույց է տալիս, թե ինչ հակառակորդի դեմ են նստած այսօր հայությունը և Հայաստանն ու Արցախը:
2 տարբերակ ունեին չէ՞ Ադրբեջանի իշխանությունները` ահա գոյություն ունեն այնպիսի տեղեկություններ, այնպիսի ապացույց, որոնք կասկածի տակ դնելը, մեղմ ասած, հիմարություն է, և նրանք ունեին 2 հնարավորություն, առաջինը` ընդունել իրենց մեղքը, ներողություն խնդրել, և սա շատ կարևոր է հայ-ադրբեջանական երկարաժամկետ գործընթացը մարդկային առումներով ավելի խաղաղարար տեսանկյունից տեղադրելը: Նրանք կարող էին ասել` սխալ է եղել, այդպես չպիտի անեինք և դա չենք անելու այն տարածքներում, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են, և դրա փոխարեն նրանք ժխտում են և ամենալկտի ձևով, այնպիսի ձևերով, որ, իհարկե, ցույց է տալու, թե ինչ աստիճանի միտումնավոր և դիտավորյալ կերպով է այս մշակութային ցեղասպանությունը տեղի ունեցել: Բայց կարծում եմ` ամենակարևոր վերլուծությունն իրենց արձագանքի այն է, և դա պետք է շատ ցավով արձանագրել, որ նրանք պատրաստվում են բացեիբաց շարունակել հայկական մշակույթի ոչնչացումն այն տարածքներում, որտեղ այսօր վերահսկում է Ադրբեջանը:
«Ազատություն» - Դուք փաստորեն հետաքննության միջոցով տագնապ եք հնչեցնում, որ, կարծում եմ, սա նաև այդպիսի նշանակություն ունի չէ՞, թե ինչ կարող է պատահել, ինչ ճակատագիր կարող է սպասվել հայկական մշակութային կոթողներին, եթե Նախիջևանում եղածը ոչնչացվել է, և հիմա ասվում է` ինչպե՞ս կարող է մի բան ոչնչացվել, որը երբեք չի եղել, նույն այս տրամաբանությունը ադրբեջանցիները կարող են կիրառել նաև Արցախի նկատմամբ, որտեղ կան բազմաթիվ հայկական մշակութային գանձեր:
Սիմոն Մաղաքյան - Բնականաբար, ինչպես նշեցիք, ես վերջին տարիներին այս հետաքննական գործունեությունը ծավալել եմ, ու դրա հիմնական նպատակներից մեկն էլ այն է եղել, որ ցույց տալ, թե ինչ վտանգ է սպառնում հայկական մշակույթին Ադրբեջանի վերահսկողության տակ: Ցավոք, մենք չկարողացանք ո՛չ խաղաղությամբ, ո՛չ պատերազմի միջոցով այդ հարցին լուծում գտնել, բայց այո, ամենակարևոր խնդիրն այն է այսօր, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը շարունակում է և շարունակելու է հայկական մշակույթի ոչնչացումը: Եվ պետք է նաև հասկանալ, որ սա պարզապես ամիսների ու տարիների խնդիր չէ: Օրինակ` Ադրբեջանի Նախիջևան Հանրապետությունում, այսպես կոչված, Ինքնավար Հանրապետությունում, որ ամենևին էլ ինքնավար չէ, ենթարկվում է Բաքվի բոլոր քմահաճույքներին և շատ ավելի բռնատիրական շրջան է, քան մնացյալ Ադրբեջանը: Նախիջևանում տարիներ, տասնամյակներ շարունակ ամբողջ հայկական մշակույթը հայտարարվել էր աղվանական, և շատերը կարող էին ասել` դե ոչինչ, հիմա թող աղվանական հռչակեն, կարևորը պահպանում են, բայց մենք ականատես եղանք այն փաստին, որ Ադրբեջանի աղվանական պրոպագանդան ամենևին էլ ինչ-որ պատմագիտական կամ ազգային ինքնության խնդիրներ հասցեագրող պրոպագանդա չէ, դրանց միակ նպատակն է վերջնականապես բնաջնջել հայկական մշակույթը և հայության գոյությունն այն տարածքներում, որտեղ Ադրբեջանն ունի վերահսկողություն:
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.