Իշխանությունը որպես ընտրակաշառք խոտհնձիչ է բաժանում, հայտարարում է Արամ Վարդևանյանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պնդում է՝ գործող իշխանությունն ընտրություններին ընդառաջ փաստացի ընտրակաշառք է բաժանում, նման եզրակացության է եկել լրատվամիջոցներում հրապարակված լուրից։

«Սյունիքի Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Սրաշեն գյուղերում տրամադրվեցին մոտոբլոկներ և խոտհնձիչներ: Էս բա ինչի՞ առաջ չէին տրամադրում, հարց է չէ՞ առաջանում», - նշեց Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը հարցի վերաբերյալ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում. ինչպե՞ս է ստացվել, որ հենց ընտրություններից առաջ է իշխանությունը խոտհնձիչ բաժանում. «Հարցեր են, որոնք առնվազն ես հիմա առիթից օգտվելով ուզում եմ, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի ուշադրությունը հրավիրենք դրան»:

«Հայաստան» դաշինքը նախընտրական կարճ ժամանակահատվածում հասցրել է ամբողջ հանրապետության տարածքում ընտրական շտաբներ բացել, դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի խոսքով՝ այս պահի դրությամբ շուրջ 800 ենթաշտաբ ունեն։ Քարոզարշավն էլ նախատեսում են և՛ բացօթյա, և՛ դահլիճային, բայց ասում է իրենց աջակիցները նախընտրում են դահլիճային հանդիպումները. «Մեր գործընկերները տարօրինակ է, բայց նախընտրում են դահլիճային հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս հարց-պատասխանի ձևաչափով անմիջական շփում ունենալ դաշինքի ներկայացուցիչների ղեկավարների հետ»:

Դաշինքից հերքում են վերջին շրջանում պարբերաբար տարածվող լուրերը, թե իրենք արդեն ցուցակներ են կազմում ու ընտրակաշառք բաժանելու խոստումներ տալիս։ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցչից Արամ Վարդևանյանն ասում է՝ իրենք էլ նման տեղեկություններ ունեն, բայց ընտրակաշառքի խոստում դաշինքի անունից ներկայացող, իր բնորոշմամբ, սադրիչներն են տալիս։

«Որևէ առնչություն չունենք ցանկացած ընտրակաշառք, կեղծիք, նման գործողության, մենք առաջինն ենք, որ դրան կտրուկ դեմ ենք, և նաև, այո, ունենք տեղեկություններ, որ պատկերացրեք որոշ սադրիչներ պարզապես ներկայանում են «Հայաստան» դաշինքի անունից և նման առաջարկներ են կատարում: Ես դրա վերաբերյալ ուղիղ իրավապահների ուշադրությունը հրավիրեցի», - ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը շատ աբսուրդային է որակում ընդդիմադիր ուժից հնչող մեղադրանքները, շեշտում՝ իշխող ուժի ղեկավարման ընթացքում գյուղացին պետության ուշադրության կենտրոնում եղել է միշտ, ակնարկում՝ նման վարքագիծը Քոչարյանի իշխանության ժամանակներին է բնորոշ։

«Թող գնան հաշվեն, թե այս երեք տարիների ընթացքում, մինչև այս նախընտրական շրջանը քանի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել պետական միջոցներով, այդ նրանց ժամանակ էր, որ քաղաքացիները սպասում էին իրենց չնչին թոշակներին ու աշխատավարձերին, տարիներ շարունակ բողոքի ցույցեր էին անում ու միայն նախընտրական շրջանում էր, որ թոշակները երբեք չէին ուշանում: Նրանք շարունակում են իրենց արշինով չափել մեզ ու շարունակում են սխալվել», - նշեց Ալեքսանյանը:

Իշխանական պատգամավորին էլ լուրեր են հասել, թե Քոչարյանի ղեկավարած ուժն է ընտրակաշառք բաժանում, սակայն ասում է՝ վստահ պնդել չի կարող. «Իրավապահ մարմինները պետք է շատ հստակ լծվեն գործի ու բացառեն ցանկացած անգամ նման մտադրություն, որ ոչ ոքի մտքով անգամ չանցնի, որ կարող է նորից քաղաքացու ձայնը գնել, որ կարող է նորից քաղաքացուն ստորացնել այն աստիճան, որ քաղաքացին վաճառի ապագայի իր տեսլականը»:

Իշխող ուժում վստահ են՝ իրավապահները կարող են և կարձագանքեն ընտրակաշառքի բաժանման դեպքերին, իշխանական պատգամավորն այդ հարցում որևէ կասկած չունի։