«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն` նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին:

«Զվարթնոցի» տեղեկատվական ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և Պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է հանրապետությունում: