Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունը, ըստ մասնագետների, մարդու իրավունքների խախտումով է սկսվել

Այսօր Բաքվի ռազմական դատարանում սկսել է երկու հայ ռազմագերիների դատավարությունը։ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են 1990-ականների արցախյան պատերազմի ժամանակ պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձևավորելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներից և տեսագրություններից երևում է, որ հայ երկու ռազմագերիները դատարանի դահլիճում առանձնացված են ապակեպատ միջնորմով, կադրերից չի երևում՝ արդյոք նրանք ձեռնաշթղաներով են, թե ոչ, բայց բոլոր կադրերում նրանց երկուսի ձեռքերն էլ մեջքի հետևում են։ Դատական այսօրվա նիստում մեղադրյալները ասել են, որ ադրբեջաներեն չեն հասկանում, որոշվել է նրանց թարգմանիչ հատկացնել։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը պնդում է՝ սկսած դահլիճի կահավորումից մինչև հայ փաստաբանի բացակայությունը համարվում է մարդու իրավունքների խախտում, իսկ նման դեպքերում կասկածի տակ է դրվում դատավարության արդարացիությունը. «Եթե կապի բացակայությունը չկա, խոսք չի կարող լինել արդեն մրցակցային դատավարության, իրավահավասարության մասին, մանավանդ որ մենք տեսնում ենք, թե ինչպես է կահավորված դատարանի դահլիճը, իրենք ինչպես են նստած: Ինքը միկրոֆոնի միջոցով է իր պաշտպանի հետ երևի շփվում կամ դատարանի հետ շփվում»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալյոշա Խոսրովյանը դատարանում հայտարարել է, որ 1994-ին և 2020-ին Ղարաբաղում է եղել։ Դատարանն այսօր ճշտել է նրանց անձնական տվյալները, իսկ դատավարության հաջորդ օր է նշանակել հունիսի 9-ը։

Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020-ի հոկտեմբերին 20-ին Ֆիզուլիի շրջանից։ Իսկ Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության` «նրանք միասին կատարել են ծանր հանցագործություններ»՝ Վայոց Ձորի Եղեգիսի բնակիչ 51-ամյա Լյուդվիգ Մկրտչյանին Ադրբեջանը մեղադրում է արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների՝ գերեվարված 11 գերիներին խոշտանգելու համար։ Իսկ Կապանի 54-ամյա բնակիչ Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում է 5 ադրբեջանցի գերիների հետ դաժան և անմարդկային վարվելու համար։

Ըստ ադրբեջանցի իրավապահների` «Խոսրովյանը գերիներից մեկին ստիպել է շինարարական ծանր աշխատանքներ իրականացնել» Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առանձնատան կառուցման ընթացքում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իր տարածած հաղորդագրությունում չի խոսում ձեռք բերված ապացույցների մասին՝ մասնավորապես, թե կոնկրետ այդ ինչ ապացույցներ են դրվել հայ ռազմագերիների մեղադրանքի հիմքում, չի պարզաբանվում նաև, թե ինչպես է ստացվել, որ երկու հայ ռազմագերիները միասին են կատարել այդ հանցագործությունները։

Պաշտոնական Բաքուն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան որևէ տեղեկատվություն չի ուղարկել այս քրեական գործի մասին, հայտնում է հայկական կողմը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Դիանա Քարազյանի խոսքով` ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատի շրջանակում ընդգծել են երկու հայ ռազմագերիների արդար դատաքննության իրավունքի մասին. «Ամեն դեպքում Ադրբեջանի կողմից տեղեկությունները չտրամադրելը անհետևանք չի կարող մնալ, քանի որ ցանկացած պարագայում միջանկյալ միջոցի որոշմամբ պահանջվող գործողությունները չկատարելն առաջացնում են կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, այսինքն` ինքն ինքնին ապահովում է մեկ հոդվածի խախտումը»:

Եվրոպական դատարանը երբ պահանջի Մկրտչյանի և Խոսրովյանի գործի մանրամասները, Ադրբեջանը ստիպված կլինի ներկայացնել գործի նյութերը, որոնք այժմ չեն հրապարակվում, ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը. «Եվ քրեական գործի նյութերում երբ որ մենք կարդանք այն, ինչ որ մենք տեսնում ենք, մենք քրեական գործի նյութերում չեն տեսնի, այսինքն` գործի հրապարակայնությունն է խախտվում, հրապարակային դատավարության իրավունքը, բավարար ժամանակ և հնարավորություն պաշտպանություն նախապատրաստելու, իր ուզած պաշտպանն ունենալու հնարավորությունը, էլ չեմ ասում այնտեղ միջակա այլ խախտումներ, որոնք դեռ լինելու են: Բայց արդեն իսկ այն հանգամանքը, որ իրենք գտնվել են ինկամունիկադո (incommunicado) կալանքի տակ, այսինքն` ոչ Հայաստանի հետ կապի հնարավորություն է ստեղծվել, ոչ հարազատների հետ, ոչ փաստաբանի հետ, դա արդեն կասկածի տակ է դնում ողջ դատավարությունը, այսինքն` հրապարակային դատավարության իրավունքը»:

Մասնագետները պնդում են՝ ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա հարուցված քրեական գործերը հիմնավոր չեն, հատկապես, երբ հայկական կողմն ունի 300-ից ավելի տեսագրություններ հայ ռազմագերիների խոշտանգման մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանի կարծիքով` Բաքուն պետական մակարդակով խրախուսում է հայատյացությունը. «Մենք ցույց ենք տալիս, որ Ադրբեջանում ունենք մենք պետական մակարդակով խրախուսվող հայատյաց քաղաքականություն»:

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի աշխատակցի խոսքով՝ հայկական կողմը Եվրադատարան է դիմել վերջերս Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողների մասին հարցով։ Դատարանը Ադրբեջանին ժամանակ է տրամադրել տեղեկություններ ներկայացնելու։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ավարտվել է նաև նոյեմբերի 26-27-ը Ադրբեջանի սահմանը հատած 14 հայաստանցիների գործի քննությունն, ու այն ուղարկվել է դատարան։ Խոսքն, ըստ էության, 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված պահեստազորայինների մասին է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են նրանցից երկուսի՝ 38-ամյա Գեղամ Սերոբյանի և 28-ամյա Հրաչ Ավագյանի տվյալները։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ նրանք Շիրակի մարզից են։ Բաքուն նրանց մեղադրում է ահաբեկչության, ապօրինի կերպով զենք ձեռքբերելու, զինված խումբ ձևավորելու, տարբեր հաստատությունների վրա հարձակվելու, Ադրբեջանի պետական սահմանը հատելու համար։ Ավելի վաղ էլ Բաքվում մեկնարկել էր լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դատավարությունը, նա էլ մեղադրվում է վարձկանության ու ահաբեկչության համար։