Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ:
Կառավարությունից հայտնում են, որ կարևորվել է ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների արդյունավետ իրականացումը։
Նրանք քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների օրակարգը, առանձնակի կարևորել ոստիկանության ոլորտում բարեփոխումները։
Երկու երկրների վարչապետերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրիչ գործողություններին և ընդգծել Հայաստանի ինքնիշխան տարածքից վերջիններիս ելման դիրքեր դուրս գալու և իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը: Բելգիայի վարչապետը նշել է, որ մտահոգություն է առաջացնում տեղի ունեցողը և խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։
Երկուստեք կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսումը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսելում էր աշխատանքային այցով, երեկ նա այդ այցի շրջանակներում Փարիզում էր: