Ռուսաստանը ուշադիր հետևելու է ուկրաինա-ամերիկյան ծովային զորավարժությանը

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևելու է Ուկրաինայի և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ «Sea Breeze» զորավարժությունների նախապատրաստմանն ու անցկացմանը և անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանքելու է՝ սեփական ռազմական անվտանգությունը պաշտպանելու համար», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկոն։

Ըստ նրա՝ զորավարժությունների կազմակերպիչները մտադիր են ժամանակակից զենք, զինամթերք ու նյութական միջոցներ տեղափոխել ու հատկացնել Ուկրաինայի բանակին ու ազգայնական խմբավորումներին, որոնք տեղակայված են Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մոտ։

«Sea Breeze» ծովային զորավարժությունները Ուկրաինան յուրաքանչյուր տարի անցկացնում է սկսած 1997 թվականից։ Զորավարժությունների նպատակն է բարելավել բազմազգ միավորումների համագործակցության արդյունավետությունը։

Այս տարի զորավարժությունները շարունակվելու են մինչև հուլիսի 21-ը։