Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական սահմանապահ ծառայության համատեղ հայտարարությունը, հաղորդում են, որ երեկ երեկոյան` ժամը 20-ի սահմաններում, մոտավորապես «4 տասնյակ հայ զինվորներ խախտել են Ադրբեջանի սահմանը ու 400 մետր խորանալով Քելբաջարի տարածք` փորձել են դիրքավորվել Արմուդլու գյուղի ուղղությամբ»։
Ըստ այդ հաղորդագրության` «Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում հայ զինծառայողները դուրս են մղվել Ադրբեջանի տարածքից»։
Հաղորդվում է, որ միջադեպի ընթացքում զենք չի կիրառվել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած այս տեղեկատվությունը, թե հունիսի 1 երեկոյան հայ զինվորները հատել են ադրբեջանական սահմանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը, վերջին շրջանում, էապես ավելացել է», - ասված է հայկական կողմի հաղորդագրության մեջ։