Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ այս ընտրությունները լինելու են աննախադեպ վերահսկվող

Քաղհասարակության ներկայացուցիչներն արտահերթ ընտրություններից առաջ շրջելու են մարզերում, որպեսզի ներկայացնեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Ընտրություններին երկու տասնյակից ավելի ուժերի մասնակցությունը նրան աննախադեպ են համարում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար անհասկանալի է՝ ընտրական մրցավազքի մեջ մտած ուժերն ինչ են ընտրողներին ներկայացնելու․ - «Ես նույնիսկ չգիտեմ 28 գաղափարական կամ հայեցակարգային էդ ինչ մոտեցումներ պետք է ներկայացվեն, որ հանրությունը ջոկի»։

Այս ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց տարածքային ցուցակների։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ակնկալում է, որ այս համակարգը վերջապես կբացառի տեղական «իշխանիկների» ու թաղային հեղինակությունների դերակատարումը բուն ընտրական գործընթացի վրա:

«Ճիշտ է՝ արմատական բան է փոխվել, վարկանիշայինը հանվել է, դարձել է ընդհանուր համամասնական, հույս ունենք, որ տեղական իշխանիկների, կամ նայողների, քյոխվեքի, քրեականների համակարգը չի աշխատելու սրա շնորհիվ», - ասաց Բարսեղյանը։

Նախորդ արտահերթ ընտրություններին արձանագրված ժողովրդավարական առաջընթացը չի նահանջի, կարծում է Արթուր Սաքունցը, պատմության անիվը հետ չի շրջվի։ Այդուհանդերձ նա չի բացառում, որ ընտրախախտումներ լինեն, թեպետ այստեղ էլ վստահ է՝ հասարակությունը թույլ չի տա, վախը հաղթահարել է:

«Կարող է խախտումներ անեն, բայց վստահությունս հանրության վրա շատ ավելի մեծ է, որ քաղաքացիները տուրք չեն տա։ Ինչ-որ մի հատված կարող է, բայց տուրք չեն տա ո՛չ կաշառքին, ո՛չ գայթակղություններին, և, ամենից կարևոր է մի բան՝ արդեն վախը չափած է մարդկանց, էդ վախի հասկացողությունը, որ վախենան, կարծիք չասեն և այլն, դա արդեն հաղթահարված է, սա համարեք ֆունդամենտալ և հիմնարար ձեռքբերում թավշյա հեղափոխության», - ընդգծեց Սաքունցը։

Լևոն Բարսեղյանն էլ շեշտում է՝ այժմ Հայաստանում վարչական ռեսուրսին միայն իշխանություն չէ, որ տիրապետում է․ - «Վարչական ռեսուրս ասելիս մենք պիտի նկատի ունենանք ոչ միայն պետական և համայնքային բյուջեների խողովակներով ֆինանսավորվող համակարգերը, վարչական ռեսուսրս պիտի համարենք նաև մասնավոր բիզնեսի մեջ վարչական ապարատի օգտագործումը»։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը համեմատում է 5 տարի առաջ ընդդիմության ու իշխանության տիրապետած ռեսուրսները: Նրա խոսքով՝ հիմա տեղերով փոխվել են՝ և՛ նյութական ռեսուրսի, և՛ մեդիադաշտի առումով:

«Հիմա, երբ համեմատում եք նախկինի հետ, տեսնում ենք, որ իշխանությունը տիրպետում է մեկ-երկու լրատվամիջոցի, երեք լրատվամիջոցի՝ շատ-շատ, ֆինանսատնտեսական ռեսուրսներն անհամեմատ փոքր են, քան հավաքական ընդդիմության ֆինանսատնտեսական ռեսուրսներն են։ Ընդդիմությունը կամ այսպես կոչված ընդդիմությունը, տիրապետում է հեռարձակող մեդիառեսուրսի ահռելի ծավալին։ Ֆինանսատնտեսական ռեսուրսները պատահական չեմ նշում, սա ընտրակաշառքի իմաստով չէ, որ հատկանշում եմ, այլ՝ վերահսկողական միջոցների՝ վստահված անձանց ներգրավվելու, հազար ու մի հստկիչ գործողություններ իրականացնելու համար՝ առասպելական միջոցների, այսինքն, եթե հանցագործության կանխավարկածը մենք բացառենք, մենք պիտի ենթադրենք, որ այս ընտրությունները լինելու են աննախադեպ վերահսկվող ընտրություններ, լավ իմաստով վերահսկվող, երբ ընդդիմության մի շարք ուժեր ունեն վերահսկելու ահռելի ռեսուրսներ», - ասաց Բարսեղյանը։

Թե ինչպիսին կլինի հունիսի 20-ի ընտրությունների ընթացքը, Լևոն Բարսեղյանի համոզմաբ, գնդակը իրավապահների և իշխանության դաշտում է․ - «Շատ եական է, թե ինչ-որ մի կրիտիկական պահի, արդյո՞ք իրավապահ համակարգը չի որոշի աջ քաշել և կանգնել, տեսնել, թե այնտեղ ինչ այլանդակություններ կարող են լինել, և հասկանալի է, որ գլխավոր պատասխանատուն, ամեն դեպքում, գործող իշխանությունն է»։