«Թոշակը գիտեմ ոչ հարկը տամ, գիտեմ ոչ վարկը տամ»․ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչ

Եղեգնուտցի Լիդիա Գրիգորյանը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ

Այս տարի գարնանը երկու ընտանիք է տեղափոխվել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղ՝ մշտական բնակության։ Ընտանիքներից մեկը մայրաքաղաքից է, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղից։

Տեղացիներն ասում են, թե հետպատերազմյան անհանգստություններից շունչերը պահած՝ շարունակում են կյանքը. տուն են կառուցում, հող վարում, ցանքս անում, ընտանիք կազմում։ Գյուղի ընտանիքների մի մասն արդեն անասուններին սարերն է տարել, մյուսները՝ պատրաստվում են։

Չնայած գյուղատնտեսությունից մեծ եկամուտների սպասելիք չունեն, բայց գյուղում ուրիշ աշխատանք հազվադեպ կգտնես: Եղեգնուտցի Արայիկն ու Վոլոդյան նորեկ համագյուղացու համար ցեմենտի շաղախ են արել, պատ են շարում ու ափսոսանքով նշում, թե գյուղում մնացած եզակի շինարարներն են։ Ջահելներն իրենց գործը չեն շարունակում կամ խոպանն են գերադասում․ - «Գեղացին պըտի աշխատի, որ ապրի։ Որ չաշխատի, ո՞րդիան կապրի։ Աշխատանքը լիքն ա, գործ չեն անում, ասում են գործ չկա։ Հենց գիտեն Ռուսաստանում փողը շատ ա․․․ Էսա մի էրկու հոգի ենք, էս էլ կմեռնենք-կպրծնենք, էլ գործ անող չկա»։

Լիդիա Գրիգորյանը ժանգոտած երկաթե տնակում է տեղավորել իր աղքատիկ խանութը։ Հաճախորդների մոտ արդարանում է, թե ինչու չունի պահանջված այս կամ այն ապրանքը։ Պատճառները շատ են․ - «Տանջանք ա, էլի։ Հայի բախտ ա, մարդու լաց էլ ա գալի․․․ ամաչում եմ, որ ասեմ աղքատ ենք։ Ախր մենք աղքատ ժողովրդի տիպ չենք, մենք լավ մարդիկ ենք, մենք պետք ա հարուստ ապրենք։ Պուտինն էլ մեր գլխին սարքեց, մթամ թե դաշնակից ա․․․ Էլի վաղը գնեին խոպան, կարգին աշխատում էին, յոլա էին գնում։ Բայց հըմի չկա․․․ ոչ մի բան։ Չալիշ եմ գալի, թոշակը գիտեմ ոչ հարկը տամ, գիտեմ ոչ վարկը տամ, ո՞րը․․․ Հոգսերը շատ, մտածմունքը շատ»։

Եղեգնուտցի Լիդիան մատների վրա հաշվում է երեխաներին, որ իրենից հեռու են, տարիներով չի տեսել։ Զանգերով են շփվում իրար հետ, որպիսություն հարցնում՝ առանց հույսի, որ գոնե մոտ ապագայում հայրենիք կվերադառնան․ - «Ռուսաստանն անտեր մնա։ Գնացին էրեխեքը։ Որը Թաթարստան են․․․ Ղրիմ են, Ադլեր են։ Գնացել են մի կտոր հացի համար խեղճ աղջկեքս, սրա-նրա ոտի տակը սրբեն, յա կերած ամանը լվանան, որ մի էրկու կոպեկ առնեն, ապրեմ։ Դա կյա՞նք ա․․․»

Երկու տարի առաջ Եղեգնուտում երիտասարդ գյուղապետ Սարգիս Հակոբյանի ընտրվելու հետ գյուղացիների համար անսովոր փոփոխություններ են սկսվել։ Համայնքապետը բարեգործների ներդրումներ է բերել գյուղ, գյուղամիջում պուրակ ու խաղահրապարակ կառուցել, հանդիսությունների տուն գործարկել, փողոցները վերանորոգել ու լուսավորել։

Համագյուղացի Լիդիան անգամ ոտանավոր է ձոնել երիտասարդ ղեկավարին։

Մեղվապահ Արամայիս Հակոբյանը նկուղից հանեց անցած տարվա մեղրի վերջին պահուստը։ Կտրեց, խնամքով տեղավորեց ափսեներում՝ համտեսելու, բայց հնարավորինս մեղուների աչքից հեռու, թե չէ, ասում է, կհարձակվեն, րոպեների ընթացքում կտանեն ամբողջ բերքը։ Հմուտ մեղվաբույծը մարդկանց ու մեղուներին համեմատելու եզրեր չի գտնում։ Իրենց կարգուկանոնն ամեն ինչից վեր է։ Համոզված է, մարդիկ սրանց աշխատասիրությունն ունենան, աշխարհը նորովի կկառուցեն։