Գերմանիան ճանաչեց Նամիբիայում իրականացրած ցեղասպանությունը

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Բեռլինում ասուլիսի ժամանակ հայտարարում է Նամիբիայում իրականացված ցեղասպանությունը ճանաչելու մասին, 28-ը մայիսի, 2021թ․

Գերմանիան ճանաչել է Նամիբիայում 20-րդ դարի սկզբին իրականացրած ցեղասպանությունը։ Հրապարակավ ներողություն խնդրելով զոհերից՝ արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր հայտարարել է՝ Բեռլինը ավելի քան մեկ միլիարդ եվրո կտրամադրի աֆրիկյան այդ երկրի զարգացման համար։

Ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել 1904-1908 թվականներին, երբ գերմանական օկուպացիոն ուժերը զանգվածաբար սպանել էին տեղի բնիկներին՝ հերերո և նամա ցեղերի հազարավոր ներկայացուցիչների։

Գերմանիայի իշխանությունները նախկինում ևս ընդունել էին, որ գաղութային իշխանությունների կողմից տեղի են ունեցել վայրագություններ, «այսուհետ, սակայն,մենք պաշտոնապես այդ իրադարձությունները կբնորոշենք ինչպես ընդունված է մեր օրերում՝ որպես ցեղասպանություն», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

Հաղորդվում է, որ ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրվի առաջիկա 30 տարիների ընթացքում, և որ դրա առաջին հասցեատերը հենց ցեղասպանությունից տուժած էթնիկ խմբերն են լինելու։