Ուկրաինան ևս փակում է օդային տարածքը բելառուսական օդանավերի համար

«Բելավիա» ավիաընկերության օդանավ, արխիվ

Ուկրաինան այս կեսգիշերից՝ մայիսի 29-ից փակում է օդային տարածքը բելառուսական օդանավերի համար։ Սա նշանակում է, որ բելառուսական ազգային փոխադրողի՝ «Բելավիա»-ի թռիչքները կարող են իրականացվել միայն Ռուսաստանի տարածքով, իսկ մի մասն ընդհանրապես պետք է չեղարկվեն։

Ավելի վաղ նույն քայլին էին դիմել նաև Բելառուսի մյուս հարևանները՝ Լատվիան, Լիտվան և Լեհաստանը, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ պետություններ։

Սա Արևմուտքի պատասխանն է Բելառուսի իշխանություններին, որոնց հարկադրանքով անցած կիրակի Ryanair-ի քաղաքացիական օդանավը վայրէջք էր կատարել Մինսկում, ինչից հետո ձերբակալվել էին անկախ լրագրող Ռոման Պրոտասևիչն ու նրա ընկերուհին։