Պուտինը շնորհավորել է Ասադին ընտրություններում հաղթանակի առթիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսում ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, արխիվ

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Քվեարկության արդյունքները լիակատար կերպով ամրապնդեցին Ձեր քաղաքական հեղինակությունը և քաղաքացիների վստահությունը Ձեր կողմից իրականացվող քաղաքականության ու պետական ինստիտուտների ամրապնդման հանդեպ», - գրել է Վլադիմիր Պուտինը՝ խոստանալով առաջիկայում ևս ամեն կերպ աջակցել սիրիացի դաշնակիցներին։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 55-ամյա Ասադը չորեքշաբթի օրը կայացած քվեարկությանը ստացել է ձայների 95 տոկոսից ավելին: Արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան հայտարարել են, թե ընտրությունը ո՛չ ազատ էր, ո՛չ արդար։

Սա նախագահական երկրորդ ընտրությունն էր Սիրիայում ավելի քան 10 տարի շարունակված քաղաքացիական պատերազմից հետո, որի ընթացքում զոհվել է ավելի քան 388 հազար մարդ։