Գյուղ Բլագոդարնոյե. կարծրատիպեր կոտրող երեխաները

Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղի 8 տարեկան բնակիչ Կոլյային գյուղում Նիկոլ են ասում ու, նկատի ունենալով մշտապես փողկապով ու սպիտակ վերնաշապիկով հագուկապը, կատակով ասում, թե առնվազն վարչապետ է դառնալու, իրենց գյուղը՝ կարգին գյուղ դարձնի։ Կոլյան էլ լուռ համաձայնում է. ցանկությունները համընկնում են. «Փոխեմ մարդկանց կյանքը»:

Կողքից 13-ամյա Լեյլի Խաչատրյանն ու իր համադասարանցիները լրացնում են, որ իրենք արդեն սկսել են կոտրել մեծերի կարծրատիպերը, թե գյուղն ապրելու տեղ չէ, և որ երեխաներն էլ անելիք ու ասելիք չունեն. «Մեծ մասը մտածում է, որ գյուղում կյանք չկա, պետք է գնալ քաղաք կամ ամենատարածվածներից մեկը, որ երեխաները ոչինչ չեն կարող անել, ու մենք մեր գյուղի երեխաներով որոշեցինք, որ պետք է այդ կարծրատիպը կոտրենք գյուղում ու մեր ուժերով մեր գյուղից զրոյից խմբակ ստեղծեցինք: Օրինակ` մենք կախազարդեր ենք կարել ու այնքան ենք կարել, որ մեր ուժերով խաղահրապարակ ենք գնել ու գյուղում ենք տեղադրել»:

Լեյլին ու իր ընկերները հարևան Մեղվահովտից են, Բլագոդարնոյե գալիս՝ կրթության, քանի որ իրենց ընդամենը 70 բնակիչ ունեցող գյուղում ոչ դպրոց, ոչ էլ մանկապարտեզ կա։ Բայց ասում են, թե մայրաքաղաքի իրենց հասակակիցներից բոլորովին հետ չեն մնում, անգամ նշում, թե գյուղում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան քաղաքներում։ Երբեմն այս թեմաներով նույնիսկ ընտանեկան վեճեր են ունենում տան մեծերի հետ. «Ծնողներս են քննարկում, ուզում են գնալ, բայց ես համաձայն չեմ, որ գնամ գյուղից»:

«Մեր տանը ամեն ինչ հավասարակշռված է, մենք նույն մտածելակերպն ունենք, որ գյուղում կյանքն ուրիշ է, ու գյուղում ապրելը շատ հաճելի է»:

Վանաձորցի Տիգրան Առուշանյանն ամեն օր Վանաձորից անցնում է մոտ 50 կիլոմետր ճանապարհ ու հասնում Բլագոդարնոյե։ Գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն է։ Ասում է՝ տարիներ շարունակ գյուղերում սահմանափակ հնարավորություններ են եղել երեխաների համար, քանի որ շատ տեղերում ուսուցիչների պակասն անգամ լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն չի տվել:

«Մենք մի հատ շատ մեծ խնդիր ունենք, մենք ունենք ուսուցիչների, կարգին ուսուցիչների պակաս, տարիներ շարունակ մենք դպրոցներ ծանոթով, գումարով, ընդունել ենք ուսուցիչներ, որոնք այդ գործին պատրաստ չեն եղել, երեխա դաստիարակող չեն: Մենք հեռավոր գյուղեր ունենք, որտեղ մաթեմատիկայի ուսուցիչ տարիներով չեն ունենում, մենք գյուղեր ունենք, որտեղ մի ուսուցիչը տալիս է մի քանի առարկաներ», - նշեց Առուշյանը:

Վերջին տարիներին հասարակական կազմակերպությունները տարբեր ծրագրեր են անում գյուղերի երեխաների համար, նրանց ներգրավում առցանց դասընթացների ու նախաձեռնությունների։ 13-ամյա Լեյլին կատակով նշում է, թե այն, ինչի համար երևանցիները վճարում են, իրենք անվճար ստանալու հնարավորություն ունեն, ծրագրավորման լեզուներ, օտար լեզուներ ու այլ հմտություններ են ձեռք բերում. «Հիմա հիմնականում ոչ թե ինչ-որ տեղ գնալ, սովորելն է, այլ 21-րդ դարի ամենակարևոր հմտությունը ինքնակրթությունն է, այսինքն` ինչպես սովորել սովորել, դա շատ կարևոր է, երբ մարդը կարողանում է ինքնակրթվի, ճիշտ օգտագործի Google-ն ու Youtube-ը, որովհետև հիմա այն դարն է, որ ցանկացած հարցի պատասխան մենք կարող ենք գտնել Google-ում ու Youtube-ում, այսինքն` դրանք լավագույն ուսուցիչներն են»:

Մաթեմատիկայի ուսուցչի հետ նոր նախաձեռնություն ունեն, շուտով ամառային դպրոց կբացեն Վանաձորում հատուկ գյուղաբնակ երեխաների համար։ Առուշանյանն ասում է՝ փորձում են տարիների բաց թողնվածը լրացնել՝ հանկարծ աննկատ չմնան երեխաները, որոնք մի օր Հայաստանի շարժիչ ուժը կարող են դառնալ։ Այս նախաձեռնությանն արդեն արձագանքել են ծրագիրը ֆինանսավորելու պատրաստ բարեգործները։ Փորձում են ընդլայնել հնարավորությունները հնարավորինս շատ երեխաներ ներգրավելու համար. «Հիմա եթե մենք գնանք, գյուղերում գտնենք այն երեխաներին, ովքեր հզոր դեմքեր դառնալու սիգնալներ են տալիս, ու այդ երեխաների վրա աշխատանք, մենք 5-7 տարուց ունենալու ենք Հայաստանի շարժող ուժ հանդիսացող գյուղաբնակ երեխաներ»:

Բլագոդարնոյեի երեխաները համոզված են` իրենք մեծերի նման ոչ թե միայն կպահանջեն, այլ անձամբ կնախաձեռնեն, չեն տրտնջա, թե աշխատատեղ չկա, իրենք կստեղծեն ու կերազեն ոչ թե գյուղից արտագաղթելու, այլ գյուղում մնալու հնարավորություններ գտնելու մասին. «Ես կուզեմ, որ իմ գյուղը սարքվի»: