Ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով․ Արգենտինայի դեսպանը՝ Միրզոյանին

Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը և ագրեսիվ հակահայկական հայտարարություններն ու գործողությունները, այսօր, ընդունելով Հայաստանում արգենտինայի նորանշանակ դեսպան Մարիանո Վերգարային, հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով՝ սա ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը երբևէ չի կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում։

«Պարոն դեսպան, Դուք Հայաստանում եք մեզ համար չափազանց ծանր ժամանակահատվածում: Գիտեք, որ նախորդ աշնանը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և վարձկանների ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները, օգտագործելով արգելված զինատեսակներ: Արդյունքում՝ թեև հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնևյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին՝ կեղծ քրեական գործեր հարուցելով վերջիններիս նկատմամբ: Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ իրենց ձայնը բարձրացնեն և միջամտեն այս հարցին», - ասել է Միրզոյանը՝ շեշտելով․ - «Մեր համոզմամբ՝ ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել բացառապես նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»։

Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինվորների ներխուժմանը և դրա վերաբերյալ բազմաթիվ երկրների հայտարարություններին, ըստ որոնց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դրվել, և ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մարիանո Վերգարանն այսօր նշել է, որ Հայաստանը Արգենտինայի համար կարևոր երկիր է՝ հատկապես հաշվի առնելով մեծաթիվ հայկական համայնքի ներկայությունը:

Դեսպանը վերահաստատել է Արգենտինայի դիրքորոշումն առ այն, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով. - «Անպայման պետք է հարգել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, համապատասխան կոնվենցիայի դրույթները»: