ԱՄՆ-ն օգնելու է Իսրայելին և Գազայի հատվածին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելում հանդիպել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի և արտգործնախարար Գաբի Աշքենազիի հետ։ Վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում պետքարտուղարն ասել է, որ մանրամասն քննարկվել են անվտանգության ոլորտում Իսրայելի կարիքները, ներառյալ հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթի» վերականգնման հարցերը։

ԱՄՆ-ն օգնելու է նաև պաղեստինյան Գազայի հատվածի վերականգնմանը, որը մեծ վնասներ է կրել 11-օրյա ռազմական հակամարտության ընթացքում Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Էնթոնի Բլինքենը ընդգծել է, որ ԱՄՆ-ն սերտ համագործակցելու է գործընկերների և բոլորի հետ, որպեսզի «Համաս»-ը օգուտներ չքաղի հատկացվելիք միջոցներից։

Արևմուտքը «Համաս» խմբավորմանը դասում է ահաբեկչական կազմակերպությունների շարքում։

Մինչև մայիսի 27-ը շարունակվող տարածաշրջանային այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպելու է Եգիպտոսի և Հորդանանի առաջնորդների հետ, իսկ Ռամալայում բանակցելու է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ։

«Համաս»-ի և Իսրայելի միջև վերջին ռազմական առճակատման հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 250 պաղեստինցի է զոհվել, իսկ «Համաս»-ի հրթիռակոծություններից Իսրայելում 12 մարդ է զոհվել։

Եգիպտոսի միջնորդությամբ մայիսի 21-ից հակամարտ կողմերը դադարեցրել են կրակը։

Իսրայելն այսօր թույլատրել է շինարարական և գյուղատնտեսական ապրանքների փոխադրումը Գազայի հատված։