Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները

Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, երկիր կարող են մուտք գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման կուրս անցած կամ ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի բացասական պատասխան ունեցող օտարերկրացիները, հաղորդում է «Սպուտնիկ-Գրուզիա» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից օդային ճանապարհով Վրաստան կարող է մուտք գործել Covid-19-ի դեմ պատվաստման ամբողջական չափաքանակն ստացած ցանկացած երկրի քաղաքացի, իսկ մարտի 1-ից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներն ու բնակիչները, ովքեր ժամանումից ոչ ուշ քան երեք օր առաջ ստացված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կներկայացնեն անցակետում։ Ավելի վաղ Վրաստանն օդային սահմանը բացել էր Միացյալ Նահանգների, Եվրամիության անդամ երկրների, Մեծ Բրիտանիայի և եվրոպական ու ասիական մի շարք այլ երկրների համար։