Հայկական կողմը հետաքրքրված է ընդլայնելու Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները, երեկ հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն՝ ընդունելով աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամի գլխավորած պատվիրակությանը։
Մոհամադ Էսլամին իր հերթին վերահաստատել է տնտեսական կապերի խորացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման հարցում իրանական կողմի պատրաստակամությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը, անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը։
Ընդգծելով, որ երկուստեք առկա է պատրաստակամություն գործնական արդյունքներ արձանագրելու համար՝ Քերոբյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով մասնավորապես, նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։