Տարածքի վեճ Վանաձորի բնակիչների ու մարզպետի խորհրդականի ընտանիքի միջև․ վերջինս կդիմի դատարան

Վանաձորի կենտրոնական հատվածներից մեկում տարածքի վեճ է բռնկվել։ Մի կողմում Նժդեհի 34 շենքի բնակիչներն են, մյուս կողմում՝ Լոռու մարզպետի խորհրդականի ընտանիքը։

Շենքի բնակիչներն անցած տարեվերջին մարզպետի խորհրդական նշանակված Հովհաննես Ավետիսյանին ու նրա հորը մեղադրում են իրենց շենքի հարակից տարածքին տիրանալու համար։ Նրանք նշում են, թե տարիներ շարունակ բնակիչների տնօրինման տակ գտնվող տարածքին եկել, տեր են դարձել՝ օգտագործելով պաշտոնական դիրքն ու հնարավորությունները։

«Մի տարի ա մենք էս վիճակում ենք, ոստիկանները գալիս են, նկարում են ու ոչ մի բան էլ չի փոխվում, որովհետև իրենք ամեն ինչ կարան անեն, մենք՝ չենք կարա», - «Ազատության» հետ զրույցում ասացին բնակիչները։

Մարզպետի խորհրդականը հակադարձում է, անուններ չտալով շեշտում, թե ընտրություններից առաջ շահարկում են հարցն ու փորձում սևացնել իրեն․ - «Ես համոզված եմ, որ ընտրությունների շեմին սա ընդամենը ուղղորդված գործընթաց է կատարվում ես դրանում միանշանակ համոզված եմ»։

Ավետսիյանը ցույց է տալիս տարածքի սեփականության վկայականը, համայնքապետարանի հետ անցած տարվա աշնանը կնքված առուվաճառքի պայմանագիրն, ըստ որի, շենքի արևելյան հատվածի մոտ155 քառակուսի մետր տարածքի դիմաց վճարել են 700 հազար դրամ։

Այդ ժամանակ Հովհաննես Ավետիսյանը Ազգային ժողովի պատգամավորի օգնական էր։ Նա պնդում է՝ օրենքից դուրս որևէ գործողություն չեն արել, շեշտում՝ պատգամավորի օգնական լինելն իրեն առանձնապես առավելություն տալ չէր կարող։

«Պատգամավորի օգնականը առավել ևս մեր իրականության մեջ և մեր կառավարության մեջ չունի այնպիսի լիազորություններ, որ համայնքապետարանը նմանատիպ խախտումներ կատարի և զուտ միայն պաշտոն զբաղեցնելու համար օրենք խախտի և տարածք տրամադրվի։ Ամբողջ գործընթացը կատարել է հայրս, գործընթացի ընթացում ինչ փաստաթուղթ պահանջել են, ներկայացրել է և կատարել են համապատասխան որոշում», - ասաց Ավետիսյանը։

Հովհաննես Ավետիսյանը, ով փաստաթղթերում հանդիսացել է հոր՝ Սաշա Ավետիսյանի լիազորված անձը, չի մանրամասնում, թե ինչ նպատակով են օգտագործելու երկհարկանի բնակելի շենքին կից տարածքը, բայց չի բացառում, որ առանձնատուն կկառուցեն արդեն իրենց պատկանող 155 քառակուսի մետր տարածքում։ Նախատեսում են տարածքն էլի ընդլայնել, նոր տարածք սեփականաշնորհելու համար նոր դիմում են ներկայացրել համայնքապետարան։

«Այսինքն՝ եթե համապատասխան բաժնի աշխատակիցը գա տեսնի, որ էդտեղ որևիցե խնդիր կա, այսինքն՝ ոչ մի բան չենք կարող կառուցել», - ասաց մարզպետի խորհրդականը։

Ավետիսյանները 88-ի երկրաշարժից հետո երկհարկանի շենքի հարակից տարածքում տեղադրված երկաթե տնակում են ապրել։ Հետո պետությունից բնակարան են ստացել քաղաքի այլ թաղամասում։ Բնակարանն ստանալուց հետո, սակայն, նրանք տնակը չեն հեռացրել Նժդեհի 34 հասցեից, փոխարենն այն պահեստարան են դարձրել ու շարունակել տնօրինել երկաթե կառույցները։

Անցած տարի, Վանաձորի համայնքապետն ավտոտնակի տարածքն ու հարակից հողամասը վարձակալության իրավունքով տվել է Սաշա Ավետիսյանին։ Նույն թվականին համայնքապետն իր որոշման մեջ ուղղում է արել՝ վարձականություն բառը փոխարինելով «ուղղակի վաճառքի ձևով օտարելու» բառերով։ Առանց աճուրդի, ուղղակի վաճառքի ձևով, տարածքը դարձել է Ավետիսյանների սեփականությունը։ Բնակիչներն ասում են՝ եթե ոչ երկաթե ավտոտնակը, ապա հարակից հողատարածքն իրենք բարեկարգել էին, օգտագործել որպես հանգստի գոտի և այն սեփականացնելու առաջնահերթությունն իրենցը պետք է լիներ։

«Մենք բանավոր դիմել էինք համայնքապետարան, մեզ չվաճառեցին, ասացին՝ «կանաչ գոտի է, չենք վաճառում»։ Բայց դրանից հետո մենք գանցինք ճարտարապետի մոտ, ճարտարապետն ասաց, որ վաճառված չի, երկու օր հետո ներկայացան մեզ իրենց սեփականաշնորհման գրքույկով, որ դա իրենցն է», - պատմեց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ հավելեց․ - «Տարածքը դնում են աճուրդի չէ՞, մեկը պիտի գնի չէ՞ էդ տարածքը, ոչ մեկը չի եղել, ինքն է եղել, ինքն էլ գնել է, վերջ, ոչ մեկ տեղյակ չէ, որ տենց բան է եղել»։

Բնակիչները դիմել են պետական բոլոր հնարավոր ու անհնարին կառույցներին։ Ստացած վերջնական պատասխանն է՝ դիմեք դատարան։ Այժմ ծանրութեթև են անում՝ դիմել, թե՞ չդիմել, իսկ մարզպետի խորհրդականը համոզված է՝ իրենց ընտանիքի դեմ բողոքներ ներկայացնող բնակիչներն ակնհայտ զրպարտում են։

«Իրենց կողմից բազմաթիվ դիմումներում շեշտվում է, որ ես, որպես պաշտոնատար անձ, ճնշում եմ գործադրում ոստիկանության, համայնքապետարանի, կառավարության, այսինքն՝ վարչապետի աշխատակազմի վրա, մարզպետի խորհրդականը ճնշում կարո՞ղ է գործադրել։ Ես հիմա պատրաստվում եմ դիմել դատարան զրպարտանքի համար», - ասաց Ավետիսյանը։

Բնակիչներն էլ իրենց հերթին նշում են, որ արդեն մեկ տարի ընթացող պայքարն իրենց շենքի հարակից տարածքի համար կշարունակեն։