Արևմուտքը «պետական մակարդակով օդահենություն» է անվանել լրագրողին ձերբակալելու համար ինքնաթիռին վայրէջք պարտադրելու Մինսկի գործողությունը

Բելառուսի ընդդիմադիր բլոգեր և լրագրող Ռոման Պրոտասևիչը, արխիվ

Եվրոպական միությունը մտադիր է խիստ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ՝ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող օդանավին ռումբի առկայության մասին կեղծ ահազանգով Բելառուսի օդային տարածքում վայրէջք պարտադրելու է և ուղևորների թվում գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին կալանավորելու համար:

Եվրամիության մի շարք երկրներ, ինչպես նաև չվերթն իրականացնող Ryanair ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՝Լիրին տեղի ունեցածը որակել են «պետական մակարդակով օդահենություն»:

Ինքնաթիռի անձնակազմը Բելառուսի օդային տարածքում Մինսկից ստացել է հաղորդագրություն այն մասին, թե օդանավում, իբր, ռումբ է տեղադրված:

Բելառուսի իշխանությունները Ryanair-ի օդանավից պահանջել է վայրէջք կատարել և դրա համար բելառուսական օդուժի մարտական ինքնաթիռ են օդ բարձրացրել:

Վայրէջքից հետո Բելառուսի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր լրագրող Պրոտասևիչին, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված:

Ryanair ընկերության ղեկավարն ասել է, որ օդանավի անձնակազմը կատարել է վայրէջքի պահանջը՝ բացառապես առաջնորդվելով ուղևորների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Արևմտյան երկրները վրդովմունք են հայտնել այդ միջադեպի կապակցությամբ, որն անվանել են «աղաղակող արարք»:

Լիտվայում այդ միջադեպի կապակցությամբ քրեական գործ են հարուցել: Եվրոպական մի շարք երկրներ ավիաընկերություններին առաջարկում են հետայսու խուսափել Բելառուսի օդային տարածք մուտք գործելուց և բելառուսական օդանավերին արգելել թռիչքները Եվրամիություն:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես դատապարտել է Բելառուսի իրավապահների այս գործողությունը:

Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը կմիանա այդ միջադեպին եվրոպացի դաշնակիցների արձագանքին և պահանջել է անհապաղ ազատ արձակել Պրոտասևիչին: