Գյումրիում է գործում Հայաստանի առաջին և առայժմ միակ գրաֆիկայի թանգարանը՝ «Սթիլ» թանգարանը, որի տնօրեն Արտուշ Մկրտչյանն օրերս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացավ պատվոգրի՝ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի ոլորտում ունեցած երկարամյա գործունեության համար:
Մի քանի ամիս առաջ նրա նախաձեռնությամբ թանգարանում բացվել էր Հայաստանում գրաֆիկայի 100-ամյա պատմությունը ներկայացնող ցուցադրություն, որտեղ զետեղվել էին ավելի քան 450 ստեղծագործություն։
Իսկ երկու օր առաջ թանգարանը արվեստասերների համար «Վերադարձ դեպի ապագա» խորագրով նոր ցուցադրություն էր կազմակերպել, որտեղ ներկայացված են Հայաստանից և աշխարհի ավելի քան 15 երկրներից հայ արվեստագետների շուրջ 170 աշխատանք:
«Ցուցադրությունը բաղկացած է մի քանի բաժիններից։ Առաջին բաժինը կոչվում է «Մինիմալիզմ և աբստրակցիոնիզմ», որտեղ հավաքված են Հայաստանի լավագույն մինիմալիստները և աբստրակցիոնիստները։ Դա վերաբերում է և՛ քանդակին, և՛ գրաֆիկային, դա վերաբերում է նաև ինստալյացիաներին։ Երկրորդ ցուցադրությունը կոչվում է «Ֆիգուրատիվ արվեստ»։ Այստեղ մենք ներկայացրել են շուրջ 30 նկարչի անչափ հետաքրքիր գործեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արտուշ Մկրտչյանը։
Նրա խոսքով, «Վերադարձ դեպի ապագա» խորագրով այս ցուցադրությունն իր բոլոր բաժիններով ներկայացնում է մեր երիտասարդ արվեստագետների հսկայական ներուժը, որով կարող էր հպարտանալ ցանկացած երկիր:
Ցուցադրությունը սպասված է եղել նաև մեր արվեստասերների համար։ Ցուցադրության բացման օրը միայն 2 հազար 500 այցելու է ունել թանգարանը․ - «Ինչքան ես հասկանում եմ, ինչքան ես նկատեցի, երբևիցե այս մակարդակի ցուցադրություն չի եղել։ Ինքնը իր ազդեցությամբ, իր աուրայով, իր էներգետիկայով շատ հզոր է»։
Ցուցադրության հիմնական ուղղություններն են մինիմալիզմը, աբստակցիոնիզմը, մոնումենտալիզմը, ֆիգուրատիվ արվեստը, փոփ-արտը և համակարգչային գրաֆիկան: Այս ուղղություններով ստեղծված արվեստի 130 ստեղծագործություն ներկայացված են ավելի քան 30 մետաղական կոնցեպտուալ քանդակների հետ միասին՝ ուշագրավ երկխոսությամբ ներկայացնելով Հայաստանում և տարբեր երկրներում բնակվող հայ արվեստագետների ապագայի տեսլականը:
«Բրազիլիայից կա, կա Մեքսիկայից, կա Իսպանիայից, կա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կա Ռուսաստանից, կա Նորվեգիայից։ Միմիայն ազգությամբ հայերը»։
«Ազատություն» հարցին, թե ինչու է որպես ցուցադրության խորագիր ընտրվել «Վերադարձ դեպի ապագա», Մկրտչյանը պատասխանեց․ - «Որովհետև, ցավոք սրտի, մենք էսօր կանգնած ենք։ Պատերազմի հետևանքն է, սխալ կամ վատ կառավարման հետևանքն է, համավարակի հետևանքն է․․․ Չեմ ուզում անդրադառնալ քաղաքական մասին, բայց մենք դեպի ապագա չենք գնում։ Կամ կանգնած ենք, կամ հետ ենք գնում։ Ես ուզում եմ, որպեսզի մենք վերադառնանք դեպի ապագա, այսնինքն՝ էն ժամանակները, երբ որ մենք զարգացում էինք ապրում, երբ որ մենք հաջողություններ էինք գրանցում միջազգային ասպարեզում, ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ, որ մենք վերադառնանք դեպի էնտեղ։ Դրա համար ցուցահանդեսը անվանեցի «Վերադարձ դեպի ապագա»»։