Մայիսի 26-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ, «Ազատության»-ը հաղորդեցին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայությունից։
Վաղը Զարիֆը կլինի Բաքվում։ Ադրբեջանում Իրանի դեսպանության հաղորդմամբ, այցի հիմնական նպատակն է «քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումներին առնչվող հարցեր։
Հիշեցնենք՝ Իրանը խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում՝ հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: