«Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը Ղարաբաղում միայն տեսողական դիտարկում է անցկացնում», - նշել է Լավրովը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների համաժողովում, Դուշանբե, 19 մայիսի, 2021թ.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» շաբաթական հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկող ռուսաստանցի և թուրք զինվորականները միայն տեսողական եղանակով են կատարում առաքելությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հունվարի 30-ից գործում է կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցումը հսկող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը, և այն միայն տեսողական դիտարկումներ է անցկացնում», - ասել է Լավրովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ այդ կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների 2020 թվականի նոյեմբերի 11-ի հուշագրի համաձայն: