Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն այսօր Պեկինում հրավիրած ճեպազրույցում, ի շարս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական լարվածությանը, որը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը:
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության», - ասել է Լիցզյանը:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: