«Հադրութի մուտքի մոտ ադրբեջանական դրոշի գույներով ներկված մեծ քար է տեղադրված։ Պատերազմից առաջ այն ներկված էր Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության դրոշի գույներով», - տեղից հաղորդում է «Նովոստի» գործակալության թղթակիցը, ով առաջիններից է այցելում Հադրութ ադրբեջանական զինուժի կողմից այն օկուպացվելուց հետո։
«Շտապել են ներկել, որպեսզի պարզ լինի՝ Հադրութը Ադրբեջան է», - լրագրողին բացատրում է Ռիզվան անունով ադրբեջանցի ուղեկցորդը։
«Չնայած ջարդուխուրդ ճապարհներին և հետպատերազմյան քաոսին Հադրութը կանգուն է։ Այստեղ չկան ավերակներ և ականապատ դաշտեր, ինչպես Ֆիզուլիում։ Պատերազմի հետքերը աննկատ են։ Տանիքներին թարմ ներկ է, տները գրեթե չեն վնասվել։ Խանութներ, դեղատներ․․․»,- նկարագրում է լրագրողը՝ շարունակելով․ - «Սպիտակ խաչ» եկեղեցու մոտ պանելային շենք է, լվացքի պարաններ, որոնց վրա մինչև հիմա վերնաշապիկներ, շապիկներ են կախված։ Բնակարանները կողպված չեն։ Առաջին հարկի սենյակներից մեկում գետնին թափված երաժշտական տետրեր են, դույլ, ամանեղեն, շախմատի տախտակ, արհեստական տոնածառ, խաղալիքների բեկորներ։ Ամենուր՝ արկղեր, հագուստներ․․․»։
«Մարդիկ հավատում էին սոցցանցերին, որտեղ գրում էին, թե իբր քաղաքը հայերի վերահսկղության տակ է։ Հավաքվել են վերջին ժամերին», - մեկնաբանում է ադրբեջանցի ուղեկցորդը։
«Ինչ թաքցնենք, բախումներ եղել են», - դիմելով լրագրողներին՝ պատմում է Գասմ անունով ադրբեջանցի զինվորականը՝ ներկայացնելով քաղաքի գրավման որոշ մանրամասներ․ - «Հոկտեմբերի առաջին կեսերին հետախուզական մարտ էր։ Ադրբեջանցիները մտել էին Հադրութ, ուսումնասիրել տեղանքը, հասել մինչև կենտրոն և ժամանակավոր նահանջել։ Լրատվամիջոցները դա ներկայացնում էին որպես Բաքվի ձախողում։ Երբ մենք արդեն բեկում մտցրեցինք հարավային թևից և մտանք քաղաք , լուրջ դիմադրություն չկար»։
Ադրբեջանցի զինվորականի խոսքով՝ ադրբեջանական զինուժին Հադրութում դիմավորել են ընդամենը մի քանի խումբ հատուկ ջոկատայիններ և տեղի աշխարհազորայինները։
«Հանրության գիտակցության մեջ, սակայն, նստած է այն միտքը, որ քաղաքում կատաղի մարտեր են ընթացել։ Ինքներդ տեսեք, Հադրութը կանգուն է, ավերածությունները՝ նվազագույն», - պնդում է ադրբեջանցի զինվորականը՝ շարունակելով․ - «Բնակիչներն ու զինվորականները չէին սպասում, որ մենք կգանք սարերով։ Հարվածի էին սպասում հյուսիսից՝ Մարտակերտում, բայց մենք մտանք հարավից։ Ճեղքելով Ջաբրայիլի պաշտպանական գիծը՝ ուղևորվեցինք Հադրութ, որը Լեռնային Ղարաբաղի հարավային դարպասն է։ Ադրբեջանի հարավից առանցքային ճանապարհները դեպի Ղարաբաղի խորքը հենց այս հանգույցով են անցնում։ Բայց ամենակարևորը՝ ուղիղ ելք Շուշի»։
Ըստ ադրբեջանցի զինվորականի՝ երկրի իշխանությունները «պլանավորում են միացնել Հադրութ- Ջաբրայիլ -Շուկյուրբեյլի մայրուղին Զանգեզուրի մագիստրալի հետ և այդ ճանապարհը դարձնել Զանգեզուրյան միջանցքի հատված, որն էլ մաս կկազմի Ադրբեջանից դեպի Նախիջևան տանող հիմնական ճանապարհին»։
Հադրութ քաղաքի և շրջանի շուրջ երեք տասնյակ համայնքների կորստի մասին թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե՛ Հայաստանի իշխանությունները մինչև նոյեմբերի 10-ը ոչ միայն չեն հայտնել, այլև շարունակաբար կտրականապես հերքել են։
Հոկտեմբերի 9-ին, ի պատասխան ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել էր․ - «Ես հենց հիմա Հադրութում եմ և, չգիտես ինչու, մենակ հայերի եմ տեսնում»։
Նույն ժամերին Հադրութի գրավման մասին Բաքվի պնդումները հերքում էր նաև Արցախի նախագահի խոսնակն՝ ասելով․ - «Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը՝ Հադրութից: Այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր»։
Մարտ ամսին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե հենց այդ օրը՝ հոկտեմբերի 9-ին արդեն քաղաքն ու շրջանն իրենց ձեռքում էր։