Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայողն արդեն մեկ շաբաթ է, ինչ կորել է։ Մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Արդեն մի շաբաթ է՝ կորած է, փնտրում են, չեն գտնում։ Ռազմական ոստիկանությունն է փնտրում, վերջին անգամ ծնողի հետ մայիսի 13-ին է խոսել ու դրանից հետո չկա։ Ինտերնետը 2-3 օր առաջ միացել է Վարդենիսի տարածքում», - նշեց համայնքապետը։
Պաշտպանության նախարարությունն այսօր ավելի ուշ հայտնել էր, որ մայիսի 18-ին Ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:
Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր: