Բայդենը նշել է Կիմ Չեն Ունի հետ հանդիպման պայմանները

Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է հանդիպել հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ՝ վերջինիս կողմից Փհենյանի միջուկային զինանոցի չեղարկման և Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու պարտավորությունների ստանձնման պայմանով։ Այս մասին Ջո Բայդենը հայտարարել է Սպիտակ տանը Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Ջե Ինի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին։

Բայդենը հայտարարել է, թե «չի անի այն, ինչ արվել է ոչ վաղ անցյալում». «Ես նրան [Կիմ Չեն Ունին] չեմ տա այն, ինչ նա ցանկանում է՝ միջազգային ճանաչում»։

Ըստ Washington Post-ի՝ Սպիտակ տան ղեկավարը նկատի ունի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շփումները Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, որոնք այդպես էլ որևէ շոշափելի արդյունք չեն տվել ինչպես Փհենյանի միջուկային ծրագրի չեղարկման, այնպես էլ տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում։

Ընդդիմախոսները քննադատում էին Թրամփին՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահը չպետք է միևնույն սեղանի շուրջ նստի հյուսիսկորեացի բռնապետի հետ՝ առանց հաջողության հստակ երաշխիքների, քանի որ բանակցությունների ցանկացած այլ արդյունք ձեռնտու կլինի միայն Կիմ Չեն Ունին, ում ոչ պապը, ոչ էլ հայրը երբևէ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման հնարավորություն չեն ունեցել: