Կասեցվել են «Սլավմեդ»-ում իրականացվող մեկ տասնյակից ավելի ծառայությունների լիցենզիաները, տնօրենն ասում է՝ հրամանը բողոքարկելու են

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով կասեցվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնում իրականացվող մեկ տասնյակից ավելի ծառայությունների լիցենզիաները:

2014 թվականից Երևանում գործող այս կենտրոնում կասեցվել են դիմածնոտային վիրաբուժության, ակնաբանական, բժշկական օգնության և սպասարկման, նեոնատոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, պլաստիկ-վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական ու արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկայի և մի շարք այլ ծառայությունների լիցենզիան:

Որոշումը կայացվել է կառավարությանն առընթեր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների հիմքով, իսկ տեսչական մարմինը հիվանդանոց ստուգման է մտել բնակիչներից ստացած բողոքի հետքերով: Ստուգումներ իրականացրած տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը դժվարությամբ, բայց նշեց հիվանդանոցի գլխավոր խախտումը: Ասաց՝ իմիջի հարց է, չեի ուզում վնասել:

«Ցանկացած լիցենզավորում տրվում է կոնկրետ հասցե հասցեատիրոջը, որ էս հասցեում իրավունք ունեք իրականացնել այս գործունեությունը, մեր զննման արդյունքում հայտնաբերել ենք, որ կոնկրետ տրված հասցեն և գործունեության հասցեն իրար հետ չեն համապատասխանում», - ասաց Գրիգորյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ այսինքն ինչ ծառայություն, որ պետք է նշված հասցեում լիցենզիայով իրականացվեր, իրականացվել է այլ վայրում, ստուգումներ իրականացրած տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետն արձագանքեց. «Իրականացվել է այլ հացեում, ինչ-որ մի կառույցում, որն այդ հասցեն չունի»:

Հարցին էլ՝ ամեն դեպքում այդ հիմնակը բժշկական հիմնարկ է, Գրիգորյանը պատասխանեց. «Դա իրենց կառույցն է, ես չգիտեմ դրա անունը բժշկական հիմնարկ է, թե ինչ: Եթե մի տեղ իրականացվում է չլիցենզավորված գործունեություն, դա ոնց կհամարվի բժշկական հիմնարկ»:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ըստ մամուլի, պատկանում է հանրապետական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին, որն ավելի շատ հայտնի է, որպես «Դերժավայի Արկադի»: Ըստ մամուլի՝ հիվանդանոցի տնօրենը նրա քույրն է՝ Արմինե Հովակիմյանը:

Այցելեցինք հիվանդանոց, հենց մուտքի մոտ հանդիպեցինք տնօրեն Հովակիմյանին, նա հրաժարվեց տեսախցիկի առջև խոսել, քայլերն արագացրեց դեպի իր ավտոմեքենան, այդ ընթացքում արձագանքելով նաև մեր հարցերին: Ըստ նրա՝ նախարարի այս հրամանն իրենք բողոքարկելու են, իրավաբանները զբաղվում են: «Ազատության» հարցին՝ փաստաբան ունե՞ն, պատասխանեց՝ այո, իսկ թե ով է կամ ինչպես կարող ենք կապ հաստատել նրա հետ, չմանրամասնեց: Չնայած նրան, որ նախարարի հրամանով հիվանդանոցում իրականացվող մեկ տասնյակից ավելի ծառայությունների լիցենզիան կասեցվել է, տնօրենն ասաց, որ շարունակում են իրանց բնականոն աշխատանքը:

Լիցենզավորման գործակալության դիտարկումների և վերլուծության բաժնի պետ Տիգրան Աստավացյանը, բացատրելով առհասարակ բուժհասատատություններին լիցենզիա տրամադրելու և դրանց կասեցման կարգը, չառանձնացնելով որևէ բուժկենտրոն, ասաց՝ եթե դրանիցից մեկի լիցենզիան կասեցվում է, ապա ծառայություններ իրականացնելն ուղղակի արգելվում է:

«Եթե կասեցված է հրամանով, ինքը չպետք է իրականացնի գործունեություն, բայց դա մեր գործառույթը չէ: եթե բողոքարկումը եղել է հրամանից հետո, դա ոչինչ չի կարող փոխել», - ասաց նա:

Հարցին՝ եթե լիցենզիայից զրկվում է, բայց շարունակում է գործունեություն ծավալել նախարարության կամ լիցենզավորման բաժնի գործառույթները որո՞նք են, Աստավացյանը պատասխանեց. «Մեր գործառույթներն ավարտված են»:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ իրենք վերջին մեկ տարվա ընթացքում այսպիսի ստուգումներ են անցկացրել մի քանի տասնյակ բուժկենտրոններում, ասաց, բոլորին, ինչպես այս հիվանդանոցին, խախտումները շտկելու ողջամիտ ժամկետներ են տրամադրել: Գրեթե բոլորը, ըստ նրա, շտկել են: «Անուններ չեմ նշի, որովհետև դրանք կվնասեն կլինիկաների իմիջին, դա արդեն մեր գործառույթից դուրս է», - ընդգծեց Գրիգորյանը: