Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Սա փաստում է Սահմանադրության 205-րդ հոդվածը։
Մայր օրենքի հենց այս հոդվածն են մատնացույց անում մի խումբ իրավաբաններ, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը, այն բանից հետո, երբ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին կա փաստաթղթի նախագիծ, ինքն էլ պատրաստվում է ստորագրել այն։ Գործընթացը, ըստ Հովհաննիսյանի, հակասահմանադրական է։
«Անօրինական և անիրավական գործընթաց, այն, ինչ անում է Փաշինյանն իր թիմով հանցագործություն է», - ասաց Հովհաննիսյանը:
Փաշինյանը պնդում է՝ երեկ հրապարակված փաստաթուղթը սոսկ սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելուն է վերաբերում, և որևէ տարածքների զիջման մասին խոսք չկա: Այդուհանդերձ, թե՛ ընդդիմադիր, թե՛ փորձագիտական շրջանակներից մտահոգություն են հայտնում, որ այդ սահմանագծմամբ Ադրբեջանի տարածքում են հայտնվելու Տավուշի և Արարատի մարզերի որոշ գյուղեր։
«Այն գործընթացը, որը սկսել է Փաշինյանը բացարձակապես կապ չունի վարչատարածքային միավորների փոփոխությունների հետ, այսինքն՝ գյուղը քաղաքին չի կպնում, խոսքը գնում է Հայաստանի արտաքին պետական սահմանի մասին: Եթե դուք նայեք այդ հավելվածը, որում գրված է, որ տեղ-տեղ այդ սահմանը կարող է անցնել, բնական գծերով, այսինքն, օրինակ, եթե գետ է կամ լիճ է, ապա այդ սահմանագծերով, ուրեմն, բնականաբար, դա կարող է տանել փոփոխությունների: Այնպես որ Փաշինյանը իր թիմով կարող է ասել ամեն ինչ, սակայն հայտնի է, որ դեմարկացիան և դելիմիտացիան տեղի են ունենում միջազգային պայմանագրերի հիման վրա, և այդ պայմաններում պարտադրում է մեր Սահմանադրությունը և տվյալ դեպքում հանրաքվեի մասին օրենքը, որպեսզի դա տեղի ունենա հանրաքվեով», - ասաց Հովհաննիսյանը:
Փաշինյանին հիշեցնում են դեռ 2018-ի խոստումները, երբ բոլոր կարևոր հարցերը նա հանրաքվեի միջոցով էր խոստանում լուծել։ Փաշինյանի իշխանության օրոք ԲԴԽ անդամ եղած Հովհաննիսյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ չի կիրառվում ժողովրդավարության այս գործիքը։
«Մեղադրում էր նախկին իշխանություններին փակ դռների հետևում հարցերը որոշելու մեջ, բայց փորձը ցույց տվեց, որ նա այդ քաղաքականությունը՝ փակ դռների ետևում որոշում կայացնելու, իրականացնում է, և բացարձակապես հաշվի չի նստում ոչ օրենքի, ոչ իրավունքի և ոչ էլ իր կողմից ասված ժողովրդի կամքի հետ: Դրա լավագույն ձևը հանրաքվեի իրականացումն է», - նշեց նա:
Ի դեպ, երեկ վարչապետի պաշտոնակատարն էլ Ազգային ժողովում ակնարկեց հանրաքվեի մասին, հարցը, սակայն, թողնելով իրավաբաններին. «Չեմ հասցրել խորհրդակցել իրավաբանների հետ՝ դեմարկացիայի վավերացման, թե հանրաքվեի կամ ինչ-որ բանի անհրաժեշտություն ունե՞ն»:
Այսօր, նույն իշխանական խմբակցության իրավական բլոկի ներկայացուցիչներն, այդուհանդերձ, խուսափեցին ուղիղ պատասխանել՝ կքննարկվի՞ արդյոք հանրաքվեի տարբերակը՝ հաշվի առնելով, որ փաստաթղթում նշված դելիմիտացիա և դեմարկացիա եզրույթները տարածքներին են առնչվում։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այսօր այս թեմայով դեռ խոսք չկա. «Ո՞վ է ասել, որ տարածքները փոխանակվել են, դրա մասին այսօր խոսք չկա, այսօր կա ընդամենը սահմանազատման հետ կապված գործընթացները խաղաղ ճանապարհով կարգավորելու համար աշխատանքային խումբ ստեղծելու գաղափար»:
Վարչապետի պաշտոնակատարը, իշխանական պատգամավորները պնդում են՝ տարածքի զիջման, փոխանակման հարց չկա։ Երեկ, սակայն, նորից Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի տարածքում մնացած հայկական Արծվաշենի հարցը՝ ընդգծելով՝ կիսատ թողած հարցերը պետք է լուծել՝ խաղաղ ապրելու համար։
«Մենք հետաքրքրվա՞ծ ենք Արծվաշենով, թե՞ հետաքրքրված չենք, դա էլ է արձանգրում, որ տարբեր կոմբինացիաներ կարող են լինել, ի վերջո սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա ի՞նչ է նշանակում, սահմանների անվտանգության թեման փակել», - նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Իսկ ինչպե՞ս են փակվում այս հարցերը, հարցնում է փաստաբան Հովհաննիսյանը։ Պատասխանը կփորձի գտնել դատարանում։ ԲԴԽ նախկին անդամը որոշակի իրավական գործընթաց է սկսել՝ կանգնեցնելու, իր ձևակերպմամբ, Փաշինյանի կործանարար քայլերը։