«Հիմա մենք հիմնականում երկու ուղղությամբ՝ Վերին Շորժա բանակավայրի և Կութ բնակավայրի ուղղությամբ ունենք ադրբեջանական բանակի զինվորների որոշակի առաջխաղացում», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետ Սանոսյանը հայտնեց, որ ադրբեջանցի զինվորները Կութ բնակավայրում առաջ են եկել մոտ 2 կմ, որն, ըստ նրա ամենամեծ խորությունն է:
«Ազատության» հարցին, թե որքան հեռավորության վրա են գտնվում Կութ գյուղը և ադրբեջանցի զինվորները, մարզպետը պատասխանեց. «Երբ որ վերջերս համայնքում էինք և տարբեր քննարկումներ կային, որոշակի սարքավորումներով չափեցին, ինչպես նաև այլ գործընկերներից ճշտել ենք՝ խոսքը մոտ 4,5 կմ հեռավորության մասին է»:
«Իհարկե, անհանգստություն կա և՛ բնակիչների մոտ, և՛ մեր մոտ, հատկապես այդ բնակավայրերում անհանգստությունն ավելի մեծ է, նրանք արդեն անզեն աչքով տեսնում են ադրբեջանական զորքի ներկայացուցիչներին կամ գոնե պատկերավոր գիտեն, որ այսինչ սարի այս հատվածում նրանք են», - ասաց Սանոսյանը՝ միաժամանակ նշելով, որ բնակիչները համայնքները չեն լքել:
Հարցին, թե արդյոք Գեղարքունիքի մարզի համայնքապետերը ինքնուրույն ձեռնարկե՞լ են սահմանային պաշտպանությունը, մարզպետը պատասխանեց. «Սահմանների պաշտպանությունը պետք չէ ինքնուրույն ձեռնարկել, եթե մարդիկ հետաքրքրվեն, կտեսնենք, թե Գեղարքունիքի համայնքապետերը և մարզպետն ու մարզպետարանը պատերազմի ժամանակ ինչով են զբաղված եղել և ինչով են բանակին աջակցել: Այս իրավիճակում մենք ունենք բանակային կորպուս, որն ամբողջովին տիրապետում է իրավիճակին, և մեր աշխատանքը բանակային կորպուսի հետ է: Հակառակորդ կողմն ի սկզբանե նպատակ է ունեցել սադրանքի միջոցով, ինչ-որ իր օգտին առավելության հասնել, մենք հասկացել ենք իրենց նպատակը և չենք գնացել դրան»:
Իսկ թե մարզպետը տեղյա՞կ էր, որ այդ հատվածները կահավորված չեն, չկա անհրաժեշտ սահմանային անվտանգությունը, Սանոսյանն արձագանքեց, թե այդ հատվածները ամբողջովին նոր սահմանային բնագծեր են և այնտեղ նախկինում համապատասխան կահավորում չի եղել՝ նշելով, որ «նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այնտեղ արդեն բավական հաստ ձնածածկույթ կա և բնակլիմայական պայմանները բարդ են այնտեղ աշխատելու համար»:
«Պատերազմից հետո սկսվել է սահմանագծում աշխատանքներ, որը շարունակական պրոցես է, եթե այնտեղ եղել են շինարարական աշխատանքներ, դրանք մնացել են, որպեսզի ձյան հալոցքից հետո արվեն, բայց տարբեր ինժեներական աշխատանքներ արվել են և այնպես չէ, որ սահմանագծում ամբողջովին բարձիթողի վիճակ էր», - հավելեց նա:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև.