Մայիսի 17-ին Արցախի Սոս գյուղից հարևան Շոշ տեղափոխված տրակտորիստը էքսկավատորով աշխատանքներ էր իրականացնում Պաշտպանության բանակի համար, երբ կրակոցների ձայներ լսեց։ Ադրբեջանցիները յոթ րոպե շարունակ կրակ են բացել էքսկավատորի և տարածքում գտնվող Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ուղղությամբ։
Սոսեցի վարորդը ներկայանալ չցանկացավ, միայն նշեց՝ անմիջապես հասկացել է, թե ինչ է կատարվում ու հասցրել է թաքնվել. «Տեսել ենք ինչ ա կատարվում, դուրս ենք եկել անվտանգ տեղ, չերևացող տեղ»:
Սոսի բնակիչը աշխատանքները կատարում էր համայնքի ղեկավարին պատկանող էքսկավատորով, որի կոտրված ապակիներից թեթև վնասվածքներ է ստացել, բարեբախտաբար, վնասը ավելի շատ նյութական է եղել։ Սոսի համայնքապետ Հունան Գրիգորյանը նշեց, որ կրակը դադարել է միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն են եկել։
«Պառկել ա գետնին, գնացել ա մինչև խրամատ, որը ավելի առաջ ա գտնվում, քան որ ինքը աշխատում էր, թիրախային խփել են, նենց չի, որ պատահական բան ա եղել: Կռվի ժամանակ էնքան բան ա եղել, տրակտորիստը էնքան բանից ա պրծել, որ էս կողքը մի բան չի, էլի», - ասաց համայնքապետը:
Նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո ադրբեջանցիների կողմից անկանոն կրակոցներ պարբերաբար եղել են, բայց առաջին անգամ է, որ թիրախային կրակ են բացել ինչ-որ մեկի ուղղությամբ, ասում է գյուղապետը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ տեղեկացրեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ադրբեջանի զինված ուժերի մի քանի զինծառայողներ ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակներից յոթ րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել մեր զորամասերից մեկի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ զինծառայողները և քաղաքացիական անձը ուղղակի հասցրել են պատսպարվել», - նշեց Աբրահամյանը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննություն է ընթանում։ Պատերազմի ավարտից հետո նման դեպքեր էլի են գրանցվել։ Հայկական կողմի պնդմամբ՝ ադրբեջանցիները պարբերաբար, տարբեր տրամաչափերի զինատեսակներից կրակում են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմանամերձ տարբեր համայնքների ուղղությամբ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրանցված միջադեպերից հետո խիստ անհրաժեշտ է համարում Սյունիքում 5-7 կիլոմետրանոց ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծումը, առաջարկով դիմել է միջազգային կառույցներին։