Մայիսի 20-ի երեկոյան Սև լճի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զինծառայողները հիմնականում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց վիճակը բժիշկները նորմալ են գնահատում, հատնում են Պաշտպանության նախարարությունից` հավելելով վնասվածքներ ստացել են և՛ հայկական, և՛ ադրբեջանական զինծառայողները։
Ծեծկռտուքի պատճառը, ըստ ռազմական գերատեսչության, եղել են սկզբում ադրբեջանական, հետո էլ հայկական սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը:
Հայաստանի ՊՆ-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ «մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով»։
Հորդորելով ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից՝ Պաշտպանության նախարարությունն ընդգծել է՝ «դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը»։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: