Կրեմլը հորդորում է զուսպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին չճշտված տեղեկություններին

Ռուսաստան - Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ելույթ է ունենում Մոսկվայում անցկացվող համաժողովում, 21-ը մայիսի, 2021թ․

Կրեմլը հորդորում է զուսպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին չճշտված տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև իբր ստորագրվելիք փաստաթղթին, որը երեկ տարածվել էր համացանցում, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է․ - «Ընդհանուր առմամբ, դա այնքան նուրբ խնդիր է, և այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ, որ պետք է շատ զուսպ արձագանքել այդպիսի թեթևամիտ հրապարակումներին ու առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով»։

Այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել։