Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իսլանդիայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակն Արկտիկայում, Վենեսուելայում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է Կանադայի արտգործնախարարության երեկ տարածած հայտարարության մեջ:
«Գարնոն կրկնել է, որ Կանադան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել լարվածությունը», - նշված է հայտարարությունում:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։